Հայ զինվորականները Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին և ծածանել հայկական դրոշը

15:08 • 14.07.14

Ֆրանսիայի մայրաքաղաքում ի պատիվ ազգային տոնի` Բաստիլի գրավմանը անցկացված զորահանդեսին մասնակցել են նաև հայ զինվորականներն ու քայլերթի ժամանակ ծածանել հայկական դրոշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է հայ զինվորականների լուսանկարը հետևյալ գրառմամբ. «Հայկական դրոշը` Շանզ էլիզեում, հուլիսի 14-ի զորահանդեսի ժամանակ»: 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում զորահանդեսին մասնակցել է մի քանի հազար մարդ, ինչպես նաև 54 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, 285 ցամաքային փոխադրամիջոց և ավելի քան 200 նժույգ: 

Երկրի իշխանությունները որոշում են ընդունել 2014 թվականի հանդիսավոր ստուգատեսը առաջինը դարձնել Առաջին աշխարհամարտի սկսվելու 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների շարքում: Այդ կապակցությամբ Ելիսեյան դաշտերում առաջինն անցել են այն երկրների դրոշակակիրները, որոնք մասնակցել են 1914-1918 թվականների պատերազմին: Նրանց ուղեկցել են երկու խումբ զինվորականներ՝ ֆրանսիական բանակի 1914 թվականի նմուշի համազգեստով ու հանդերձանքով:

Զորահանդեսն ընդունում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա, ավանդույթի համաձայն, ժամանել է Հաղթանակի կամարի մոտ, որտեղից սկսվում է զինվորական դեֆիլեն, և այնտեղից հեծելազորայինների ուղեկցությամբ ուղևորվել է շարք կանգնած ստորաբաժանումների տողանցման: Դրանից հետո պետության ղեկավարը տեղ է զբաղեցրել Համաձայնության հրապարակի ամբիոնում՝ Փարիզ հրավիրված արտասահմանյան շուրջ 80 երկրների ներկայացուցիչների հետ միասին, երկրներ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են առաջին աշխարհամարտին: Այդ երկրները հիմնականում ներկայացված են պաշտպանության նախարարներով:

Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը նշվում Է հուլիսի 14-ին: 1789 թվականի այդ օրը գրավվել է Բաստիլ բանտ-ամրոցը: Այդ օրը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը: 

Լուսանկարը` Հովհաննես Վիրաբյանի