Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիները չեն եկել դիվերսիա անելու. նախկին հետախույզ

11:32 • 14.07.14

Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար, նախկին հետախույզ Վովա Վարդանովը ելնելով ՀՀ ՊՆ-ի և ՊԲ-ի ներկայացրած լուսանկարներից ու զենքի տեսակից՝ եզրակացրել է, որ Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիները չեն եկել դիվերսիոն գործողություններ անելու նպատակով։

«Ավելի շատ հավանական է, որ նրանք լինեին «Գորշ գայլեր» կամ ինչ-որ ազգայնական շարժման անդամ և խորը թիկունք գան ներքին խնդիրները լուծելու համար, ինչպես օրինակ՝ ակտիվություն են ցուցաբերում, գալիս իրենց դրոշով սելֆի-մելֆի անում Դադիվանքի պատերի տակ՝ բարձրացնելով իրենց վարկանիշը հասարակության առաջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Վովա Վարդանովը նախ մատնացույց արեց գերեվարված ադրբեջանցու տարիքը. «Բավական պատկառելի տարիք է (Գուլիև Շահբազ Ջալալօղլուն ծնվել է 1968թ-ին), իսկ նման ծանրություն դժվար նա կարողանար կատարել այդ տարիքում։ Ես որ քիչ թե շատ մարզվում եմ, համոզված չեմ, որ կարող եմ խորը թիկունքում ինչ-որ գործողություն անել։ Ինձ թվում է այդ տարիքի մարդը չի կարող լինել դիվերսանտ»,-ասաց նա։


Խոսելով ՀՀ ՊՆ-ի ներկայացրած սպառազինության մասին՝ նա նշեց, որ նաև հրապարակված զենքերն են այդ մասին վկայում, որ նման զենքերով դիվերսիա չես անի։


«Իհարկե բոլորս գիտենք, որ ադրբեջանցիները ռազմական տեսակետից անգրագետ են, բայց ոչ այդ աստիճան, որ նորմալ պատրաստություն տեսած մարդու չուղարկեն կարևոր հանձնարարության համար և ուղարկեն այն մարդուն, ով ֆիզիկապես ի վիճակի չէ այդ հանձնարարությունը կատարել։ Ինչքան էլ քաղաքացիական հագուստի տակ դիվերսանտի քողարկեն, չեն կարող այնքան քողարկել, որ ինքն իրոք դադարի լինել դիվերսանտ, ոչ միայն արտաքինով, այլ ընդհանուր առմամբ»,- նշեց նա։

Ի դեպ, նա չբացառեց նաև այն տարբերակը, որ հնարավոր է՝ այդ մարդիկ ուղղակի թալանչիներ են և ոչ ավելին։