Ռուսաստանում պաշտոնյաներին արգելել են արտասահմանյան արտադրության մեքենաներ գնել

18:17 • 14.07.14

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների պետական գնումների արգելքի մասին որոշում: Այդ մասին նա հայտնել է փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Մեդվեդևը հույս է հայտնել, որ այդ միջոցը կօգնի ապահովել շուկայում անհրաժեշտ հավասարակշռությունը:
«Այդ որոշմամբ արգելք է դրվում արտասահմանյան արտադրության պետական և քաղաքային ավտոմեքենաների գնումների վրա: Ես այդ փաստաթուղթը ստորագրել եմ»,- ասել է Մեդվեդևը:


Խոսքը ոչ միայն պաշտոնատար անձանց ավտոմեքենաների մասին է, այլև հասարակական տրանսպորտի, արտակարգ իրավիճակների ծառայությունների, բյուջետային կազմակերպությունների կողմից, կոմունալ տնտեսությունում, շինարարությունում, մի շարք այլ ոլորտներում օգտագործվող հատուկ տեխնիկայի մասին:


Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, բյուջետային միջոցների հաշվին պաշտոնյաների գնած չափազանց թանկ արտասահմանյան մեքենաները բազմիցս քննադատել են բլոգերները և ընդդիմադիրները: Լայնորեն քննարկվել է պաշտոնյաների համար ավտոմեքենաների արժեքի սահմանափակումների գաղափարը: Նման առաջարկով էր հանդես եկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, սակայն նրա գաղափարը մերժել էր կառավարությանն առընթեր աշխատող փորձագիտական աշխատանքային խումբը: