Կրոնական կազմակերպությունների մասին օրենքը հակասում է միջազգային նորմերին. Վարդան Ասցատրյանը
Ներկայումս Հայաստանում գրանցված են 65 կրոնական կազմակերպություններ, որը սակայն գործող կազմակերպությունների ամբողջական ցուցակը չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը՝ ավելացնելով, որ գործող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը պարտադրում է, որ բոլոր կրոնական կազմակերպությունները գրանցվեն, ինչը, ըստ նրա, հակասում է միջազգային նորմերին։
«Վենետիկյան հանձնաժողովը տարիներ առաջ իր կարծիքն է արտահայտել ու ասել, որ այն թերություններ ունի, որից հետո օրենքը սկսեց վերամշակվել: Շուրջ 1.5 տարի է այն գտնվում է Արդարադատության նախարարությունում: Մեր բաժինը ևս առաջարկություններ է ներկայացրել՝ ներառելով 12 տարվա մտահոգությունները»,- ասաց նա և ընդգծեց, որ օրենքը մշակելիս հաշվի են առել ազգային անվտանգության, ազգային շահի հետ կապված խնդիրները:
Դիտարկմանը, թե նոր օրենքով կարգելվի հոգեորսությունը, ինչը բացակայում է ներկայիս օրենքով, նա պատասխանեց. «Այո՛, մշակվող տարբերակում հոգեորսությանը վերաբերող դրույթ կա: Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ պետք է բացառվի ոչ պատշաճ հոգեորսությունը, քանի որ յուրաքանչյուր կրոն պետք է հոգեորսի, բայց պետք է արգելվի մարդկանց շահագրգռումը նյութական միջոցներով: Հիմա պետք է այս ամենի բացատրությունը տրվի օրենքում»,-ասաց նա:










