Կառավարությունը կրճատել է համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով մարզպետարաններին հատկացված գումարները

09:05 • 15.07.14

ՀՀ կառավարությունը կրճատել է համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով մարզպետարաններին հատկացված գումարները։ «Առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 10-ի թիվ 532-Ն որոշումով ՀՀ մարզերին հատկացվել է 6 մլրդ դրամ»,- ասվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնի՝ Tert.am-ին տված գրավոր պատասխանում։ Նշենք, որ 2011-2014 թթ. իրականացվել է շուրջ 40.1 մլրդ դրամի աշխատանք՝ 4 հրատապ ծրագրի շրջանակներում։

 
«2011-2013թթ. ընթացքում հանրապետության մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվել է չորս հրատապ ծրագիր՝ յուրաքանչյուր ծրագրով կատարվել են 10 մլրդ դրամի աշխատանքներ (նշված ծրագրերի արդյունքներին հնարավոր է ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքում՝ հղումով)»,- նշում է նախարարության մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 50%-ն արդեն իսկ իրականացվել և ֆինանսավորվել է:


Բացի այդ, նախարարությունից տեղեկացնում են, որ հատկացված 6 մլրդ դրամից 5 մլրդ դրամը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու արդյունքում՝ դպրոցաշինության և ճանապարհաշինության աշխատանքների իրականացման համար:


«Եվս 1 մլրդ դրամ տրամադրվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որից 527 մլն դրամ հատկացվել է 6 մարզերի ցրտահարությունից տուժած համայնքների հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցման նպատակով, իսկ մնացած գումարները նախատեսվել են որոշ առավել հրատապ խնդիրների լուծման համար։ Ինչպես նախորդ ծրագրերում, այնպես էլ 5-րդ հրատապ ծրագրով նախատեսված գումարների բաշխման համար հիմք է ընդունվել մարզերի բնակչության թվաքանակը: Սակայն դա վերաբերում է միայն պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում տրամադրված գումարներին, իսկ պահուստային ֆոնդից (շուրջ 1.0 մլրդ դրամ) գումարները մարզերին տրամադրվել են՝ հաշվի առնելով խնդիրների կարևորությունը»,-նշվում է պատասխանում և ըստ մարզերի ներկայացվում հատկացված գումարի չափը։


Այսպես, որոշման համաձայն՝ Արագածոտնի մարզին հատկացվել է 417.9 մլն դրամ, Արարատի մարզին՝ 890.5 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 982.0 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 618.5 մլն դրամ, Կոտայքի մարզին՝ 730.9 մլն դրամ, Լոռու մարզին՝ 747.0 մլն դրամ, Շիրակի մարզին՝ 757.7 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 349.6 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 383.0 մլն դրամ և Վայոց ձորի մարզին՝ 142.4 մլն դրամ։


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում հստակ թվերով չէր կարող նշել, թե ինչքան պակաս գումար է ստացել մարզը նախորդ տարվա համեմատ, բայց բացատրեց, թե ինչով է պայմանավորված գումարի կրճատումը։


«Կրճատումը կապված է նրա հետ, որ մեր այս տարվա գումարները հատկացրել են քաղաքաշինության նախարարության հատկացրած գումարներից և Տրանսպորտի և կապի նախարարության հատկացրած գումարներից, այսինքն՝ այդ ծրագրի շրջանակներում միայն ճանապարհաշինարարություն ենք իրականացնում և դպրոցաշինություն»,-ասաց նա և հավելեց, թե նախորդը տրամադրում էին պահուստային ֆոնդից։


Մարզպետը նաև նշեց, որ ծրագրերն ընթացքի մեջ են, աշխատանքները մոտավորապես 40 տոկոսի չափով կատարված են։


Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ փոխանցումները եղել են այնքան, ինչքան որ նախատեսված է, և աշխատանքներն արդեն իսկ իրականացման ընթացքի մեջ են։ «Շինարարությունն ավելի շատ է կատարած, քան ֆինանսավորում տրվել է, այսինքն՝ կատարողական ակտը ամսվա վերջին բերում են, ստուգում են, հանձնաժողովը դնում, նայում է կատարած աշխատանքները, որից հետո նոր ակտը ստորագրվում է, և նոր գումարը փոխանցվում է»,-նշեց նա։
Արմավիրը մարզպետը նշեց, որ նախորդ տարի ավելի շատ գումար են իրենց փոխանցել, որովհետև ցրտահարությունների հետ կապված հավելյալ գումար է տրվել։

Ըստ Արմավիրի մարզպետի՝ գումարի 90%-ից ավելին ծախսվում է դպրոցաշինության համար։ «Մեր մարզում հիմնականում դպրոցաշինության վրա է ծախսվում, որովհետև մարզում դպրոցների վիճակը բարվոք չէր։ Իմ աշխատած ժամանակահատվածում, 113 դպրոցներից 80-ից ավելի դպրոց է վերանորոգվել»,-նշեց նա։


Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ իրենց մարզին հատկացված շուրջ 7,5 մլն դրամը հիմնականում նախատեսված է ճանապարհների և դպրոցների վրա։ «Մենք արդեն աշխատանքը սկսել ենք, տենդերները ներկայացրել ենք»,-ասաց նա։