Ամբողջ Ադրբեջանն ու իր դաշնակիցները չեն կարողանում խուճապ ստեղծել, մի քանի հոգանոց խումբն ի՞նչ կարող է անել. Դավիթ Բաբայան

15:41 • 15.07.14

Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով այս օրերին Քարվաճառում հայտնաբերված և վնասազերծված դիվերսանտներին, ասաց, թե նրանց ներթափանցումը որևէ խուճապ և խուճապային տրամադրություն չի առաջացրել Արցախում:


-Պարո՛ն Բաբայան, ինչպիսի՞ տրամադրություններ են Արցախում, դիվերսանտների ներխուժումը խուճապ չի՞ առաջացրել:


-Խուճապ չկա և չի էլ կարող լինել: Եթե ամբողջ Ադրբեջանը և իր դաշնակիցները չեն կարողանում խուճապ ստեղծել մեզ համար, մի քանի հոգանոց խումբն ի՞նչ կարող է անել: Երկու տասնամյակից ավելի պահպանում ենք զինադադարի ռեժիմը մեր իսկ ուժերով, ինչպիսի՞ խուճապ կարող է առաջացնել մի քանի հոգանոց դիվերսիոն խումբը: Իհարկե՛, խուճապային տրամադրություն չկա և չի էլ կարող լինել:


-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ նրանք եկան, այդպես անարգել մտան, ինչ-որ գործողություններ արեցին ու տեսանկարահանեցին, որն էլ տարածվեց հայկական լրատվամիջոցներում:


-Սա ուղղակի նրանց կողմից նաև հոգեբանական դիվերսիա է. ոչ միայն դիվերսիա որպես այդպիսին: Իհարկե՛, դա դիվերսիոն խումբ է, որ ժամանակին վնասազերծվել է, բայց նաև այստեղ հոգեբանական պահ կա: Այն, որ նկարահանել են, սա ոչ մի բան չի նշանակում: Մինչև ձերբակալվելը նրանք նկարահանվել են, որպեսզի ցույց տան, որ իբրև կարող են գալ և այստեղ նկարահանվել: Բայց դա ոչինչ չի նշանակում, նրանք ժամանակին վնասազերծվել են. արդեն գիտեք, որ մեկը դիմադրություն ցույց տալիս ոչնչացվել է, մյուս երկուսը գտնվում են մեր համապատասխան ծառայությունների մոտ: Պարզապես մենք երբեք նման երևույթները չպետք է տարօրինակ համարենք, քանի որ, ի վերջո, մենք ունենք հակառակորդ, որը չի թաքցնում իր վերջնանպատակները, իսկ նրանց վերջնանպատակն է խեղդել Արցախն ու Հայաստանը: Իհարկե՛, չի կարողանալու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ցանկացած նման քայլ կասեցնենք: Սա իրենց ոճն է, Ադրբեջանը դիվերսիա է իրականացնում ոչ միայն հարևանների, այլ սեփական ժողովրդի նկատմամբ՝ ձերբակալելով մարդու իրավունքների պաշտպաններին, ընդդիմության ներկայացուցիչներին և այլն: Բացի դրանից, մենք պետք է միշտ շատ աչալուրջ լինենք: Պատահական չէ նաև Քարվաճառի կամ Շահումյանի շրջանները, որովհետև դրանք նախ սահմանային շրջաններ են, և երկրորդ՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ կարևորություն ունի այդ շրջանը հայոց պետությունների համար: Այնտեղ մեր ջրային ռեսուրսներն են սկիզբ առնում, և բնական է, որ այդ շրջանը ձգում է այդպիսի մարդկանց խմբերի: Մենք պետք է աչալրջորեն կասեցնենք սա, և ամեն անգամ սա նաև փորձի կուտակում և ձեռքբերում է, և ցանկացած այդպիսի դեպք էլ ավելի է զգոնացնում մեր համապատասխան ծառայություններին: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Քարվաճառի կարևորությունը հայոց պետականության համար: Այնտեղ սկիզբ են առնում Արփա-Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, Թարթառ, Խաչեն գետերն Արցախում: Սա կարևորագույն տարածք է, որը մենք պետք է համապատասխան ձևով արժևորենք: Վարդենիսում եղել են կարծիքներ, մարդիկ մտահոգվել են, թե նրանք թունավորել են ջրերը: Այդպիսի բան չկա:


-Իրարամերժ կարծիքներ էին հնչում, թե Քարվաճառ ներխուժածները դիվերսանտի տեսք չունեն, ոմանք ասում էին, թե նրանք «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են: Բացի այն, որ Դուք ասացիք, թե սա նաև հոգեբանական դիվերսիա է, ի՞նչ կասեք նրանց մասին:


-Հետաքննությունը շարունակվում է: Մինչև հետաքննությունը վերջնական չլինի, եկեք զերծ մնանք գնահատումներից, բայց նրանք կատարել են հետևյալ քայլերը՝ նախ և առաջ, ապօրինաբար խախտել են Արցախի Հանրապետության սահմանը, իրենց մոտ ունեին դիվերսիոն գործողությունների համար համապատասխան զենք ու զինամթերք, սա պարզ երևում է իրենցից առգրավված իրերից: Ես չեմ հասկանում, որ ասում են, թե նրանք դիվերսանտներ չեն, այլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ: Իսկ ի՞նչ տարբերություն: Ես կասեի՝ ավելի վատ, քանի որ «Գորշ գայլերն» ահաբեկիչներ են, սրանք էլ՝ և՛ դիվերսանտներ են, և՛ ահաբեկիչներ: Որոշ մարդիկ ասում են, թե դեմքներից չի երևում, որ դիվերսանտներ են, իսկ ի՞նչ պետք է լիներ, որ երևար, թե դիվերսանտ են, դեմքներին պետք է գրվա՞ծ լիներ՝ դիվերսանտ: Հակառակը, դիվերսանտներին այնպիսի մարդկանց են ընտրում, որ կարողանան ամբոխի մեջ շատ շուտ թաքնվել, որևէ բանով չտարբերվեն, լինեն որևէ կասկած չհարուցող: Սա տեխնոլոգիա է, որն արդեն վաղուց է կիրառվում: Իսկ այն, որ նրանք վնասազերծվել են և մնացած քայլերն էլ ցույց են տալիս, որ մենք աչալուրջ ենք: