Պետրոս Ղազարյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ արգելանքը վերացվել է և ուղարկվել է ՃՈ. ԴԱՀԿ
Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ արգելանքն ամբողջությամբ վերացվել է և ուղարկվել է Ճանապարհային ոստիկանություն: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը՝ չպատասխանելով այլ հարցերի և խոստանալով պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Առավոտյան մտնում եմ ոստիկանություն, պետք է թուղթ վերցնեի, որ ավտոմեքենաս կալանքի տակ չի: Մոտենում եմ, խնդրում եմ թուղթը տալ: Սիրալիր բարևում են, հարցում են անում և ի՞նչ։
Պարզվում է՝ ավտոմեքենաս ապրիլ ամսից կալանքի տակ է, էլի մեր ԴԱՀԿ–ի թեթև ձեռքով:
Ոչ մի ծանուցում ինձ չի հասել, եթե պատահաբար, բանկ տանելու համար պետք չգար այդ տեղեկանքը, չէի իմանա, որ ավտոմեքենաս, էս էլ քանի ամիս, կալանքի տակ է:
Հիմա ուզում եմ դիմել մեր վարչապետին, Նախագահին, արդարադատության նախարարին՝ մինչև ե՞րբ պետք է էս իրավական բեսպրեդելը շարունակվի, մինչև ե՞րբ պետք է մարդ իրեն ստորացված զգա սեփական պետությունից: Եթե էս տարրական հարցը ամիսներ շարունակ լուծում չի ստանում, բա մնացած դժվար հարցերը ո՞նց եք անելու:
Ինչքա՞ն պետք է առանց ծանուցվելու մեր հաշիվները, գույքը կալանքի տակ հայտնվեն, ինչքա՞ն պետք է դրա համար ոչ ոք պատասխան չտա»:










