ՄԱԿ–ի ԱԽ–ում Հայաստանը միշտ իր շահերի օգտին է քվեարկել. Թևան Պողոսյան

15:06 • 15.07.14

Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը այսօր ԱԺ–ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ ցանկացած փաստաթղթի քվեարկելիս Հայաստանն առաջնորդվում իր շահերով։


Թևան Պողոսյանն այս հայտարարությունն արեց ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ պետք է Մեծ Բրիտանիան աջակցի Հայաստանին Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմն առնելու հարցում, այն դեպքում, երբ Հայաստանը գրեթե միշտ ՄԱԿ–ի ԱՆվտանգության խորհրդում քվեարկում է ի նպաստ Ռուսաստանի որոշումների։


«Շատ նմանատիպ հարց է հնչել նաև իրենց եվրախորհրդարանի պատվիրակության կողմից, կլոր սեղանի քննարկման ժամանակ, տրվել է այն պատասխանը, որտեղ բացատրվել է, որ Հայաստանը չի կարող մի փաստաթղթի համար քվեարկել, որտեղ միայն տարածքային ամբողջականությունն է նշված որպես միջազգային իրավունք»,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանը միշտ դեմ է քվեարկել ցանկացած փաստաթղթի, որտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը նշվել է առանց ազգերի ինքնորոշման սկզբունքի:


Նշենք, որ հայ պատգամավորական պատվիրակությունն օրերս է վերադարձել Լոնդոնից, որտեղ հանդիպումներ են եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի հետ:


Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ–ում Ղրիմի հարցով Հայաստանի պատվիրակության քվեարկությանը՝ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Ուկրաինայի պարագայում քվեարկությունից մեկ գիշեր առաջ ՄԱԿ–ի ԱԽ–ում փաստաթուղթ է բաժանվել բոլորին, որտեղ հետաքրքիր տեսակետներ են հնչել, որ սրանից հետո միայն տարածքային ամբողջականության է սկզբունքն է գերակա լինելու:


«Բացի դրանից կա մի ավելացված կետ, որ վերաբերում է հանրաքվեին, որ կարող է ունենալ ուժ, եթե մայրաքաղաքը տվել է այդ իրավունքը: Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ Հայաստանը գնա ու չարտահայտի՞ իր դիրքորոշումը հենց հանուն այդ գաղափարի, որ մի օր էլ Բա՞քվից պետք է հարցնի ԼՂ-ում եղած հանրաքվեներն ուժ ունե՞ն կամ ճանաչված չե՞ն»,-ասաց նա։


Պատգամավորն ընդգծեց, որ հաճախ Բրիտանիան քվեարկել է այնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, զերծ մնալով ու չօժանդակելով ադրբեջանական նախաձեռնություններին։ Ժամանակին Ուկրաինան դեմ է քվեարկել Հայաստանին ու այստեղ հիստերիա չէր բարձրացվում, և սա նորմալ է:


Հարցին, թե Բրիտանիան Ադրբեջանի հետ ունի ընդհանուր նավթային շահեր, ինչը կարող է առաջարկել Հայաստանը, որ հետաքրքրություն ներկայացնի այդ երկրի համար, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ նավթի ու գազի շահերն արդեն բավարարված են:


«Կար մի ժամանակ, երբ Բրիտանիան այդ խնդրի համար շատ էր շահագրգռված, բայց հիմա ուղղակի գնալու են այն հարաբերություններին, որոնք հիմնված են պայմանագրերի վրա, ու դրանք իրականացվելու են»,- ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանն ունի իր սեփական ռեսուրսները՝ ոսկի, թանկարժեք քարեր, ունի գիտելիք, որով հետաքրքրվում են բրիտանական տարբեր կրթօջախները:


«Մենք պետք է մեր ռեսուրսները երբեք նվազ չգնահատենք: Եղել են դեպքեր, երբ Մեծ Բրիտանիան խնդրել է Հայաստանին իր համար ինչ-որ բան քվեարկել, ու եթե դա անում ես, կարող ես խնդրել, որ նա էլ համապատասխան վայրում քեզ օժանդակի»,- ասաց նա։