Կառավարության հավանության դեպքում Գյումրիում հանրակացարանի բնակարանները կնվիրվեն բնակիչներին

20:27 • 15.07.14

ՀՀ կառավարության հավանության դեպքում Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 3 և Երևանի Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին 66ա) հասցեների հանրակացարանների բնակիչներին կնվիրվի իրենց կողմից զբաղեցրած բնակարանները: Նշենք, որ ներկայումս այդ բնակարանները գտնվում են Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնօրինության տակ:

 

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պարտավորվում է վեցամսյա ժամկետում բնակելի տարածքների բնակչների հետ նվիրատվության պայմանագրեր կնքել՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին: