ԵՄ 9 երկրներ պատրաստ են արգելափակել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու փորձերը

13:00 • 15.07.14

Եվրամիության ինը երկրներ պատրաստ են արգելափակել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու փորձերը հուլիսի 16-ի վեհաժողովում: Այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել է ԵՄ-ում արևմտաեվրոպական երկրներից մեկի մշտական ներկայացուցչությունում դիվանագիտական աղբյուրը:


«Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովենիան, ինչպես նաև ԵՄ-ում նախագահող Իտալիան հիմք չեն տեսնում ներկայիս պայմաններում ՌԴ-ի դեմ առևտրա-տնտեսական ճյուղային պատժամիջոցներ կիրառելու համար և վեհաժողովին հանդես կգան այդ միջոցի դեմ»,- ասել է աղբյուրը:


«Ամեն դեպքում, այդպես է երևում այսօրվա դրությամբ ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների մակարդակով հանձնաժողովում ստեղծված իրավիճակից, որը սովորաբար բավականին հստակ է արտահայտում միություն վեհաժողովի նախօրեին ուժերի դասավորությունը»,- հայտնել է դիվանագետը:


Նրա խոսքերով՝ կան նաև այլ երկրներ, որոնք չեն պաշտպանում պատժամիջոցները, որոնց դիրքորոշումը «ավելի երանգավորված է»:


Աղբյուրը նաև հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ առևտրա-տնտեսական բնույթի ցանկացած պատժամիջոցի մասին որոշումը վեհաժողովում կարող է կայացվել միայն միաձայն ԵՄ բոլոր 28 երկրների կողմից, միության ցանկացած երկիրը վետոյի իրավունք ունի այդ հարցում: