Գերմանիայում 300.000 լիտր գարեջուր են առևանգել
Գերմանիայի արևմուտքում անհայտ անձինք 300.000 լիտր գարեջուր են առևանգել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Die Westdeutsche Zeitung պարբերականին հղումով:
Նման քանակությամբ ըմպելիքի տեղափոխման համար առնվազն 10 բեռնատար մեքենա կպահանջվեր: Պարբերականի տվյալներով՝ բեռը պահվում էր Կրեֆելդ քաղաքում, որը ընդգրկվում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանի կազմում: Ականատեսների խոսքով՝ գարեջուր տեղափոխող մեքենաների շարասյունն անցել է Դույսբուրգի մայրուղով:
Ներկայում ոստիկանությունը հարցաքննում է վկաներին: Պահակախմբի անդամների խոսքով՝ կասկածյալ անձինք պահեստի տարածքում հայտնվել էին դեռևս հինգշաբթի, սակայն ըմպելիքի կորուստը նկատվել է միայն երկուշաբթի:
Գերմանիան հայտնի է գարեջրագործության իր հնագույն ավանդույթներով, որտեղ պատրաստում են փրփրացող ըմպելիքի տասնյակ տեսակներ: Գերմանիայի գարեջրագործների ասոցիացիայի տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում գերմանացիները գրավում են առաջին տեղը գարեջրի սպառման հարցով:










