Այցը տարբերում էր մյուսներից, իսկ հարցադրումները բավական սուր էին. Ա. Մինասյանը՝ բրիտանացի պատգամավորների հետ հանդիպման մասին

13:08 • 15.07.14

Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով հուլիսի 6-12-ը գտնվել են Լոնդոնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարեկամական խմբի անդամներն ամփոփեցին այցի արդյունքները: Ըստ նրանց՝ բրիտանացի գործընկերների հետ քննարկել են երեք անկյունաքարային հարցեր՝ Ղարաբաղի հիմնախնդիրը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքայի մերժողականության հարցը և Հայաստանի քաղաքական և տնտեսական կուրսի ընտրությունը դեպի Եվրասիական տնտեսական միություն։


Պատվիրակության անդամ Արծվիկ Մինասյանը շեշտեց, թե այցը հերթական չէր և մյուսներից տարբերվում էր բրիտանացի պատգամավորների խորը քաղաքական ու տնտեսական հարցադրումներով։


«Հարցադրումները, որ դրվում էին պատվիրակության առաջ և պատասխան էին ակնկալում, բավական սուր էին։ Եվրասիական ինտեգրացիայի հետ կապված հարցը, տարբեր միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունների քվեարկության հետ կապված հարցը, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կեցվածքին վերաբերող հարցը ոչ միային սուր էին, այլ պահանջում էին ամբողջական պատասխաններ։ Պատվիրակությունն աշխատեց փայլուն, բացահայտեցինք, որ ունենք հզոր դիվանագետ–պատգամավոր ի դեմս պատվիրակության ղեկավար Թևան Պողոսյանի, որը հավուր պատշաճի ներկայացրեց թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի լիարժեք պատասխանները»,-ասաց նա և հավելեց, որ կարևոր է հետագա գործողություններում ճիշտ թիրախավորել բարձրացված խնդիրների շարունակությունը։

 


«Հայտնի է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում մեծ ներդրումներ ունի արված և հետաքրքրությունը շատ է, բայց մենք էլ պետք է մեր փաթեթով ներկայանանք, որպեսզի հակակշռենք հնարավորությունները և Մեծ Բրիտանիայի հետ առավել գործընկերային հարաբերություններ հաստատենք»,-ասաց նա և շարունակեց, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը պետք է լինի թուրքական մերժողականության պայքարում։ Նա նաև նշեց, որ քննարկվածների թվում կարևոր հարց էր հայապահպանության և հայագիտության խնդիրը՝ տեղեկացնելով, որ Օքսֆորդում գործում է հայագիտության ամբիոն, նաև՝ նախատեսվում է երեք ամսով Օքսֆորդում ձեռագրերի ցուցադրություն կազմակերպել։

 


«Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ թեև բրիտանացի պատգամավորները որոշ տեղեկություն ունեին, թե ինչու է Հայաստանն ընտրել ՄՄ-ը, բայց այդուհանդերձ կարիք կար ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ։


«Մենք բացատրեցինք, որ երբ ընտրության առաջ ես կանգնում զարգացման, թե պահպանման հարցերում, ընտրում ես նախ պահպանման համակարգը, քանի որ, եթե իրական պահպանումը չկա, ապա այլ զարգացում տեղի չի ունենա»,-ասաց նա և նաև նշեց, թե ներկայացրել են, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ երկու միությունների միջև՝ միջպետական հարաբերություններում, ինչը նորմալ է ընդունվել։


Պատվիրակության անդամ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ տնտեսական բլոկին՝ նշելով, որ բազմաթիվ գործարար հանդիպումներ են եղել, որի ընթացքում խոսք է գնացել առաջիկայում բիզնես ֆորում կազմակերպելու մասին։


«Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչ, պատվիրակության ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների խնդիրները, Հայաստանի արտաքին քաղաքականության, ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցերը: Պողոսյանն ընդգծեց, որ Մեծ Բրիտանիայի համար առաջին հերթին կարևոր է իր շահը, ինչը պետք է Հայաստանն ընդօրինակի: Բացի այդ, նման այցերը հնարավորություն են տալիս քայլ առ քայլ նորամուծությունների անցնելու:


«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հավելեց, որ բոլոր հարթակներում պիտի այնպիսի հարաբերություններ կառուցվեն, որ գերակա կլինեն մեզ համար: Նա նշեց, որ քվեարկության հարցում պատվիրակությունը բացատրել է, որ ՀՀ-ն, ունենալով ԼՂ խնդիր, չի կարող իր շահը չգիտակցել և բոլոր քվեարկություններին մասնակցել՝ ելնելով հենց այդ դիրքորոշումից։


Ի դեպ, նա տեղեկացրեց, որ բարոնուհի Քոքսը այլևս Հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների խմբի ղեկավար չէ։

Ռուզան Մուրադյանը խոսեց Կրթության հանձնաժողովի հետ աշխատանքի մասին և ասաց, որ բարձրացվել է միջոցառումների հարցը Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել. բրիտանական խորհրդարանական կանանց հետ փորձելու ենք իրականացնել «Կանայք հանուն ն խաղաղության և ընդդեմ ոճրագործությունների» ծրագիրը»,–ասաց նա։