Մոսկվայում մետրոյի վթարի զոհերի թիվը հասել է 10-ի, հոսպիտալացվել է 120 մարդ

12:56 • 15.07.14

Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, հոսպիտալացվել են 120-ը։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, վիրավորներից 50-ի վիճակը ծանր է. հաղորդել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գլուխովը։


Վերջինիս խոսքերով՝ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 100 մեքենա։


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են զոհերի հարազատներին 1 մլն ռուբլու, իսկ վիրավորներին՝ 500.000 ռուբլու փոխհատուցում տրամադրել։


«Հնարավոր է, որ մենք լրացուցիչ միջոցներ կմտածենք՝ սոցիալական աջակցության և փոխհատուցման համար»,- ասել է քաղաքապետը։


Քաղաքի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիկսուտովը հաղորդել է, որ գնացքը, որի 3 վագոնները կտրուկ արգելակման պատճառով դուրս էին եկել ռելսերից, ժամանակի համապատասխան ստուգում են անցել։