Շենգեն երկրները պատրաստվում են մինչև 15 օրով վիզաներ տրամադրել սահմանի վրա

17:04 • 15.07.14

Շենգենյան պայմանագրի անդամ-երկրները մոտակա տարիներին պատրաստվում են սահմանի վրա մինչև 15 օր ժամկետով վիզաներ կարճաժամկետ տրամադրել: Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի քարտուղար Սորեն Լիբորիուսը:


«Մենք հույս ունենք, որ մոտակա տարիներին կհայտնվի վիզայի նոր աստիճան (շրջագայության վիզա), Շենգենյան պայմանագրի անդամ-երկրները կկարողանան մինչև 15 օր ժամկետով կարճաժամկետ վիզաներ տրամադրել սահմանի վրա, իսկ Վիզայի տեղեկատվական համակարգում որպես «կանոնավոր ճանապարհորդներ» գրանցվածները կստանան երեք կամ հինգ տարվա ժամկետով բազմակի մուտքով վիզաներ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:


Նա պարզաբանել է, որ «կանոնավոր ճանապարհորդի» կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել կենսաչափական տվյալներ և 12 ամսվա ընթացքում օգտագործել առնվազն երկու վիզա:


«Դա և այլ նորարարություններ, որոնք ուղղված են շենգենյան վիզա ստանալու ընթացակարգը հեշտացնելուն, առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից և այժմ քննարկվում են ԵՄ անդամ-երկրների կողմից»,- ասել է Լիբորիուսը: