Պետդեպը Մոսկվային մեղադրել է ուկրաինացի անջատողականներին տանկեր փոխանցելու համար
ԱՄՆ պետդեպարտամենտը Մոսկվային մեղադրել է ուկրաինացի անջատողականներին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու մեջ: Ինչպես հայտարարել են Վաշինգտոնում, «Ռուսաստանը շարունակում է անջատողականներին մատակարարել ծանր սպառազինություն», ինչպես նաև «զորքերը քաշում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ», գրում է lenta.ru-ն:
«Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ ձգտում է բռնության դադարեցման, նրա գործողությունները չեն համապատասխանում հռետորաբանությանը: Մենք ապացույցներ չունենք, որ Ռուսաստանի աջակցությունն անջատողականներին դադարեցվել է»,- ասված է Պետդեպի պաշտոնական հաղորդագրությունում:
Վաշինգտոնում համոզված են, որ Մոսկվան «շարունակում է նրանց մատակարարել ծանր սպառազինություն, այլ ռազմական տեխնիկա և ֆինանսավորում, և շարունակում է թույլ տալ գրոհայիններին ազատ հատել սահմանը»:
«Մեզ մոտ եղած տեղեկություններով՝ Մոսկվան վերջերս անջատողականներին է փոխանցել ԽՍՀՄ-ի ժամանակների մի քանի տանկ և հրետանի: Անցած հանգստյան օրերին մի քանի զրահապատ մեքենա է հատել սահմանը»,- ասված է Պետդեպի հայտարարությունում:
Բացի այդ, Պետդեպարտամենտին առավել մտահոգում է փաստը, որ Մոսկվան շարունակում է զգալի զինված ուժեր կենտրոնացնել Ռուսաստանի հարավ-արևմուտքում:










