ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում տարածաշրջանային խաղացողների պատճառով. Stratfor
Ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ տնտեսական և աշխարհաքաղաքական կանխատեսումների ներկայացմամբ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային։ Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ընկերության «Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը. այն ժամանակ և այժմ» վերտառությամբ զեկույցը։
«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ տարաձայնությունների պատճառ դարձած ԼՂ տարածքի շուրջ դիվանագիտական ակտիվությունը զգալի աճել է։ Սակայն այս երկու պետություններից առավել հակամարտության լուծման գործընթացում ներգրավված են տարածաշրջանային այլ խաղացողներ՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու ԱՄՆ-ն, ինչի պատճառով էլ հարցի լուծումը ձգձգվում է։
Մինչ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների առճակատումը շարունակվում է Ուկրաինայի շուրջ, նույնպիսի առճակատման թեմա կա նաև Կովկասում, որն իր կարևորությամբ չի զիջում Ուկրաինայի շուրջ ծավալված երկու գերտերությունների մրցակցությանը։
Վրաստանը փորձում է կապերը սերտացնել Արևմուտքի հետ, Հայաստանը՝ Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը փորձում է զգուշորեն հավասարակշռություն պահել 2 կողմերի միջև։ Սակայն տարածաշրջանում իր դիրքն առավել ամրապնդելու համար Բաքվին անհրաժեշտ է հակամարտության լուծումը»,-նշում է աղբյուրը։
Այնուհետև վերլուծաբանները պատմական ակնարկ են կատարում ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինն այդ տարածքը հանձնել է Ադրբեջանին ու այդպիսով տարածքային վեճ առաջացրել, որպեսզի խորհրդային պետությունները թույլ և հեշտ կառավարելի լինեն։
«Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղված պատերազմից հետո ՝ 1994թ., Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ջանքերով սկիզբ է դրվել խաղաղ բանակցային գործընթացին, որի ընթացքում, թեև անթիվ հանդիպումներ ու քննարկումներ են անցկացվել, այնուհանդերձ հարցին դիվանագիտական լուծում չի տրվել»,-շարունակում են զեկույցի հեղինակները։
Այս կապակցությամբ Stratfor-ն իր տեսակետն է ներկայացնում, թե ինչու հակամարտությունը լուծում չի ստանում։ «Առաջին և ամենակարևոր արգելքը տարածաշրջանային խաղացողների ներգրավվածությունն ու հակամարտության լուծման վրա ունեցած ազդեցությունն է։ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը դարեր շարունակ մրցել են Կովկասում, և նույն պատկերը շարունակվում է ներկայում։ Այս երկրների՝ սեփական ռազմավարական շահերի վրա հիմնված մասնակցությունը լուրջ դերակատարում ունի ԼՂ հակամարտության ձգձգված լուծման հարցում»,-նշվում է փաստաթղթում։
Հեղինակները հիշեցնում են, որ այժմ հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտող կողմերը պատերազմի ժամանակ բավական հակասական գործողություներ էին իրականացնում՝ միաժամանակ զինելով հակամարտող 2 կողմերին ու նրանց համար վարձկաններ ապահովելով։ Աղբյուրը նշում է, որ պաշտոնական Մոսկվան պատերազմում սկսեց աջակցել Երևանին, երբ մարտի դաշտում հայկական կողմի առավելությունը հակառակորդի հանդեպ ակնհայտ դարձավ, մինչդեռ Թուրքիան ու Իրանը ավելացրին Ադրբեջանին տրամադրվող օգնության չափը։
«Թեև Ռուսաստանը շարունակում է առաջատար դեր զբաղեցնել հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում, այնուհանդերձ այդ երկրի շահերից է բխում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ստատուս քվոյի» ու թշնամանքի պահպանումը։ Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը ռազմական լուրջ ներկայություն ունի Հայաստանում, ինչն Ադրբեջանին ստիպում է զգուշանալ։ Եվ թեպետ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ ուժով ետ կվերցի Լեռնային Ղարաբաղը, սակայն այդ երկիրը հնարավորություն չունի դիմակայել ռուսական զինուժին»,- ենթադրում են զեկույցի հեղինակները։
Ինչ վերաբերում է հակամարտության ապագային, ապա վերլուծաբանների կարծիքով, ներկայում ստեղծված վիճակը չի կարող հավերժ շարունակվել։ «Ինչպես ցույց է տվել պատմությունը, Լեռնային Ղարաբաղը հակված է քաղաքական անհանգիստ իրավիճակում հայտնվել, երբ թուլանում են Ռուսաստանի դիրքերը։ Իսկ այժմ Ռուսաստանը նման սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև այն, որ հետխորհրդային պետություններ Վրաստանն ու Մոլդովան նախընտրել են եվրոպական քաղաքական վեկտորը»,- շարունակում են վերլուծաբանները՝ նկատելով, որ հետխորհրդային տարածքում միակ երկիրը, որն ի զորու է լուրջ մարտահրավեր նետել Ռուսաստանին՝ Ադրբեջանն է։
«Այդ երկիրը էներգիայի մատակարարման լուրջ այլընտրանք է դարձել Եվրոպայի համար, բացի այդ ամրապնդել է քաղաքական ու տնտեսական կապերը Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի հետ։ Այս ամենի արդյունքում Բաքուն ավելի շատ լծակներ է ձեռք բերել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Ուստի չի բացառվում, որ ԼՂ հակամարտության հարցում հայկական կողմին պաշտպանող Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը։ Ամեն դեպքում դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ադրբեջանը «կենսական» նշանակություն ստանա ռուսական կողմի շահերի համար, ինչից էլ ելնելով, Մոսկվան կդավաճանի Հայաստանին։ Բայց այս պահին նման հեռանկարն այդքան էլ իրատեսական չէ»,- նշվում է զեկույցում։
Եզրափակելով զեկույցը՝ հեղինակները նշում են, որ ԼՂ ճակատագիրը, սակայն, բացառապես Ռուսաստանից կախված չէ. կա նաև Թուրքիան, որը թեև այդքան հզոր չէ, սակայն վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը։
«ԱՄՆ-ն հաստատակամ կանգնած է Թուրքիայի ու Ադրբեջանին թիկունքին, ինչը կարող է քաղաքական այլ լուծում տալ հակամարտությանը»,-կարծիք են հայտնում մասնագետները։ Նրանք նաև նշում են օրեցօր Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները բարելավող Թեհրանի մասին, որը, ստանալով ԱՄՆ-ի հավանությունը, կարող է ցանկություն հայտնել իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում։










