Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ այցելած մի խումբ երիտասարդների

12:51 • 16.07.14

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) կողմից կազմակերպված ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
 

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն ուսանողներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին:


ԼՂՀ Նախագահը կարևորել է Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ այս համատեքստում հատուկ նշանակություն տալով սփյուռքահայ երիտասարդների այցելություններին Հայաստան և Արցախ, պատմական Հայրենիքում ապրելուն ու աշխատելուն:


Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունն այս ուղղությամբ՝ այն համարելով պահանջված և կարևոր:


Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք: