ԶԼՄ-ներն ու սոցկայքերը ադեկվատ չեն արձագանքում սահմանային միջադեպերին. Լ. Ալավերդյան
Ըստ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի՝ սոցիալական կայքերն ու ԶԼՄ-ներն ադեկվատ չեն արձագանքում սահմանագոտում կատարվող իրադարձություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանը նշեց, որ համակարգչի առջև նստած պետք չէ կարծիք հայտնել, թե ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից հրապարակված լուսանկարների անձիք դիվերսանտ են, թե ոչ:
«Այ գրում են, թե նման փոր ունեցող մարդը չի կարող դիվերսանտ լինել, բայց կներեք նրանք Ջեյմս Բոնդը չեն, որ նպատակ ուներ նաև կանանց սիրահարեցնել իրեն: Կասկածից վեր է, որ մեկը սահմանը անցնի իր նախաձեռնությամբ: Ադրբեջանն ասում է, որ չի տալու հանգիստ ապրելու հնարավորություն ու այդպես էլ անում է»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սոցկայքերն ու ԶԼՄ-ն ևս ոչ ադեկվատ արձագանքեցին, երբ գերի ընկավ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: «Բոլորը սկսեցին լուտանքների գործընթացը, այնինչ որևէ մեկը հստակ չգիտեր, նա ասե՞լ է, որ ինքնակամ է հատել սահմանը, թե ոչ: Դա շատ կոպիտ սայթաքում էր»,- ասաց նա:
Միաժամանակ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտին պաշտպանելը բարդ է, և, իհարկե, պաշտպանությունն ուժեղացնելու կարիք կա: «Ադրբեջանը կարողանում է հասնել մի նպատակի՝ ծնել մեր մեջ մի նոր պառակտում»,-ասաց նա:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ԼՂՀ ՊԲ-ի կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները պետք է օրենքի առաջ կանգնեն հենց ԼՂՀ-ում:
Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը, թե «ստատուս քվոն վտանգավոր է դառնում»: Ըստ նրա, դա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը, չկարողանալով պարտավորեցնել խաղաղությունը, անցել է նրան, որ քննադատում է ստատուս քվոն:
«Նման հայտարարությունները միշտ էլ խրախուսելու են Ադրբեջանին՝ գործողությունների անցնելու համար»,-ասաց նա:










