Շանթ Հարությունյանը քաղաքապետին կոչ արեց չտեղադրել Միկոյանի արձանը (տեսանյութ)

13:26 • 16.07.14

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը ժամանակավորապես հրաժարվեց իր պաշտպան Ինեսա Պետրոսյանի պաշտպանությունից, քանի որ վերջինս մեկնում է արձակուրդի, իսկ նրա որդի Շահեն Հարությունյանի շահերը ժամանակավորապես կպաշտպանի փաստաբան Արա Զաքարյանը:

Մինչ տուժողի հարցաքննությանը անցնելը Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նրա խոսքը, մասնավորապես, ուղղված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա որոշմանը՝ Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցին:

«Իշխանությունները փոխում են հայրենիքի դավաճանության մասին պատկերացումները, ձևավորում հանդուրժողականություն հայրենիքի դավաճանների նկատմամբ, իսկ ազգի մարդկանց հռչակում հայրենիքի դավաճան: Նույնիսկ հայրենիքի դավաճանությունը փորձում են ցուցադրել որպես հերոսականություն՝ բոլշևիկ դավաճան Միկոյանի արձանը կանգնեցնելով Երևանում: Հայաստանում արժեհամակարգի ամենամեծ այլասերումն իրականացվում է հենց նժդեհական կուսակցությունը՝ Երևանում կանգնեցնելով հայրենիքի դավաճանի արձանը»,-ասաց նա:

Շանթ Հարությունը նշեց, թե իր համար ցավալին այն է, որ այդ որոշումը ընդունել են տալիս մի մարդու, որի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, եղել է «Ազգային միացյալ կուսակցության» առաջնորդներից, պայքարել է Հայաստանի անկախության և նժդեհականության կառուցման համար:

«Տարոն ջան, դիմում եմ քեզ, կարծում եմ դու պետք է լավ իմանաս՝ ԿԳԲ-ն որքան ստոր կառույց է: ԿԳԲ-ն, երբ տեսնում է, որ մեկը հանուն իր բարեկեցության ու պաշտոնի պատրաստ է դավաճանել հայրենիքը, այդքանով չի բավարարվում: Տարոն ջան, ԿԳԲ-ն կյանքում չի կանգնում, մարդուն փչացնում է մինչև վերջ, ստիպում է դավաճանել ոչ միայն հայրենիքը, այլ նաև հարազատ հորը»,– ասաց նա:

«Պատահական չի, Տարո՛ն, որ քեզ ստիպել են կանգնեցնել ոչ թե բոլշևիկ Կամոյի կամ Խանջյանի արձանը, այլ հենց Միկոյանի: Խնդրում եմ, Տարոն ջան, մի դարձիր հարազատ հորը դավաճանած մեր օրերի որդին, ում մասին տասնամյակներ առաջ մատնացույց անելով խոսում էր Միկոյանը: Հավատա պատահական չէ ընտրված Միկոյանի արձանի կառուցումը հենց քո ձեռքով»,- ասաց նա: