Թերահավատություն՝ վերականգնվող էներգետիկայի համակարգաստեղծ ներդրումների հարցում և միլիոնավոր դոլարների ծրագրեր
Կա հայկական իրականության մեջ պարադոքսալ մի երևույթ՝ ընդհանուր թերահավատություն վերականգնող էներգետիկայի բնագավառում համակարգաստեղծ ներդրումների ու կիրառության հարցում և արտասահմանյան դրամաշնորհների միջոցով իրականացված աշխատանքներ, որոնց կիրառական նշանակության մասին լավագույն դեպքում ասվում է՝ «իրականացվում են պիլոտային ծրագրեր»:
Նման եզրահանգման Tert.am-ը եկավ՝ մի կողմից զրուցելով տնտեսագետների, փորձագետների հետ և մյուս կողմից ուսումնասիրելով այս ուղղությամբ աշխատանքները:
Թեպետ արևային էներգետիկան, վերականգնվող էներգետիկան աստիճանաբար իր ճանապարհը հարթելու է, սակայն չկա վստահություն, որ Հայաստանի մասնավոր ներդրողները բավականաչափ հետաքրքրություն կդրսևորեն համակարգաստեղծ կառույցների ֆինանսավորման հարցում:
Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը և ավելացրեց. «Ես, գոնե Հայաստանում, այդպիսի ներդրող չեմ տեսել, իսկ պատճառը ռիսկերն են»:
Հիշեցնենք նաև, որ էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումից հետո Հայաստանում սկսեց քննարկվել հարցը, թե ինչու մեր իշխանությունները չեն փորձում գտնել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ՝ լինելով նաև էներգետիկ կախվածություն ունեցող երկիր և մանավանդ, որ արևային էներգիան մոտ 100 անգամ էժան է ատոմային էներգիայից:
Խոսրով Հարությունյանը, որ անգամ գիտի հյուրանոցներ ու ռեստորաններ, որոնք մասնակիորեն աշխատում են արևային մարտկոցներով՝ «ընդհուպ մինչև կենցաղային-կիրառական նշանակության խնդիրներ լուծելու», օրինակ՝ ճաշ եփելու նպատակով, պնդում է, որ մեկ բան են սարքերը, մեկ այլ բան՝ այդ համակարգերի համար հզորությունների ստեղծումը:
Ինչ վերաբերում է վերջին օրերին մեծ հնչեղություն ունեցած հարցին, թե Իրանը հետաքրքրվում է հայ գիտնական Վահան Համազասպյանի նախագծած սարքով, իսկ մերոնք՝ ոչ, ապա Խոսրով Հարությունյանն ասաց, որ դրանում համոզված չէ:
«Ես համոզված չեմ, որ դրանք գայթակղում են Իրանին, մանավանդ որ ինքը էներգակիր երկիր է»,–ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում այլընտրանքային էներգիա արտադրող ընկերություններից մեկի ղեկավար Արթին Մելիքյանը, խոսելով այլընտրանքային էներգիայի համակարգին անցնելու համար պետական աջակցության հնարավորության մասին, նկատեց, որ հազիվ թե իշխանությունները գնան գազ և հոսանք վաճառող ռուսական ընկերություններին նեղացնելու ճանապարհով, ավելացրել էր, որ այլընտրանքայինին այլընտրանք չկա: Եվ, իբրև օրինակ, բերել էր Մեծամորի ատոմակայանի օրինակը, որի կառուցումն էլ շատ թանկ էր նստել, սակայն հետագայում այն «հանել էր» բոլոր ծախսերը:
Եթե պետությունը նման վերաբերմունք ունի այլընտրանքային՝ վերականգնողական էներգետիկայի նկատմամբ, ուրեմն ինչո՞ւ է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի հայեցակարգ և տեղադրել այն իր պաշտոնական կայքում:
Մասնավորապես, «Հողմաէներգետիկայի բնագավառ»–ում 2003թ-ից ԱՄՆ-ի NREL-ի կողմից մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզը, ըստ որի՝ տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ, մոտ 1,26 մլրդ կվտժ էլէներգիայի տարեկան արտադրանքով:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Պուշկինի լեռնանցքում շահագործման է հանձնվել Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան:
Եվրամիության TACIS-ի « Օժանդականություն` Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիթորինգային աշխատանքներ Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում և կազմվել է տեխնիկատնտեսական հիմնավորում 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար:
Արևային ջերմային էներգետիկայի մասով էլ տեղեկացվում է, որ Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38 - 4.12 մ2 ստանդարտ չափերով և հավելվում, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղադրված են հովացման և օդափոխման արևային համակարգեր, որոնց արևային մասի հզորությունը կազմում է 50 կՎտ, իսկ ֆոտոէլեկտրական մասի հզորությունը, որն ապահովում է ամբողջ համակարգի անխափան աշխատանքը` 5 կՎտ:
Tert.am-ի հարցին, թե ինչ նշանակություն ունեն այս հետազոտությունները և անգամ՝ տեղադրված կայաններն ու սարքերը, Էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը նկատեց, որ ունեն պիլոտային նշանակություն:
Tert.am -ի հետ զրույցում Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանը նկատեց. «Ընդհանրապես, Կառավարության ծրագրերը նորմալ հաշվարկված չեն, ես դա ասում եմ, քանի որ մասնակցել եմ տարբեր զարգացման ծրագրերի: Այդ ծրագրերը միջազգային ստանդարտներին համապատասխան չեն, դրա համար ներդրողները գալիս են ու տեսնում են, որ ծրագիրը պատրաստված չէ, ինչպես հարկն է ու այլևս չեն խորանում ծրագրի մեջ»:
Այսինքն, ըստ նրա, եթե կառավարությունը չի կարող ծրագիրը նորմալ պատրաստել, ապա մեծ է ռիսկը, որ այն չի իրականացվի և նա վստահ է, որ ծրագիրը հաջողություն կունենա, եթե միջազգային ստանդարտներին համապատասխան մշակված լինի:
Արմեն Ավագյանն այս իմաստով մի ցցուն օրինակ բերեց, որ Էներգետիկայի նախարարության «Վերականգնող էներգետիկայի զարգացման հիմնադրամը» 2011թ.-ին պատվիրել էր, որ դանիական մի ընկերություն հաշվարկի «ալտերնատիվ էներգիայի բոլոր տեսակների պոտենցիալները»:
«Այդ ծրագրի 20 մլն դոլարի դրամաշնորհից Համաշխարհային բանկը տրամադրել է 300 000 դոլար ու մեր Կառավարությունը՝ մոտ 200 000 դոլար: Մասնակցել են մոտ 9 հոգի Համաշխարհային բանկի մասնագետներից»,-ասաց նա։ Ըստ նրա՝ ծրագիրը հիմնված է ենթադրությունների վրա, ու նրա համար զարմանալի է, որ այդքան գումարը ուզում են ծախսել ենթադրությունների վրա: Իսկ որ լուծումներ չեն գտնվել, այն պատճառով է, որ չեն համագործակցել տարբեր գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հետ, հանրային քննարկում չի եղել:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ գումարը փոշիանում է այն ժամանակ, երբ ծրագիրը հստակ հաշվարկված չէ:
Հավելենք, որ ՀՀ էներգետիկայի նախարարության կայքից տեղեկանում ենք նաև, որ այժմ էլ սկսվել են աշխատանքներ՝ երկրաջերմային էլեկտրակայաններ կառուցելու համար՝ երկրաջերմային էներգիայի աղբյուրների ճշգրիտ տեղանքների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև կենսագազի ստացման, որի պոտենցիալը Հայաստանում գնահատվում է տարեկան մոտ 135 մլն մ3:
Ցուցակն ավարտենք կենսաէթանոլով, քանի որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության և յուրացման ներուժի և հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը, և ՀՀ-ում կենսաէթանոլի արտադրության ծրագիրն է առաջարկվում ներդրողներին:










