Ֆրանսիայում կին գործիչն ազատազրկման է դատապարտվել նախարարին կապկի հետ համեմատելու համար

16:45 • 16.07.14

Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցությունից նախկին թեկնածու Ան-Սոֆի Լեկլերը դատապարտվել է 9-ամսյա ազատազրկման Ֆրանսիայի արդարադատության նախարար, սևամորթ Քրիստիան Տոբիրային կապկի հետ համեմատելու համար, գրում է gazeta.ru-ն:


Բացի այդ, Լեկլերը պետք է 50 հազար եվրոյի չափով տուգանք վճարի և իրավունք չունի մասնակցելու ընտրություններին հինգ տարի շարունակ:


Լեկլերն ասել է, որ նման խիստ պատիժ չէր սպասում և կվիճարկի դատարանի վճիռը:
«Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ դատարանի որոշումը քաղաքական դրդապատճառ է ունեցել:

 

Իր հերթին՝ ռասիզմի դեմ պայքարող ասոցիացիաների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել դատարանի վճռի առնչությամբ: «SOS ռասիզմ»-ը տեղի ունեցածն անվանել է «հազվադեպ և աննախադեպ իրադարձություն», որը հիշեցնում է այն մասին, որ ռասիզմը վնասում է ողջ հասարակությանը և չի կարող թույլ տրվել երկրում:

 

2013 թվականին հեռուստաեթերի ժամանակ Լեկլերը Տոբիրային համեմատել էր կապկի հետ, ինչից հետո նրա թեկնածությունը հանվել է ընտրություններից: