ՌԴ-ում ձերբակալվել է արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին։
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru կայքը, միջոցառումն իրականացվել է ՌԴ Քննչական կոմիտեի կողմից քննվող «Кингисеппская» հանցավոր խմբավորման գործի շրջանակներում։
Ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը հաղորդել է, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է երեկ՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից։
Գործարարին հատուկ հսկողության ներքո հարցաքննության են տարել։ Այնտեղ հայտարարել են նրա ձերբակալության մասին, և առաջիկա օրերին քննիչները մտադիր են միջնորդություն ներկայացնել Հայրապետյանին կալանավորելու համար։
Հայ գործարարին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակներում։
Հայրապետյանի՝ խմբավորման հետ ունեցած հնարավոր կապի մասին քննիչներին տեղեկացրել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։
Լևոն Հայրապետյանն աշխարհի ամենահարուստ հայերի տասնյակում է։










