Օբաման ու Մերկելը գաղտնալսման սկանդալից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գաղտնալսման սկանդալից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են ԱՄՆ-ի և Գերմանիայի հետախուզությունների միջև համագործակցությունը և լրտեսական սկանդալը, հայտնում է forbes.ru-ն։
«Նախագահը և կանցլերը կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի և Գերմանիայի հետախուզությունների միջև համագործակցության վերաբերյալ։ Նախագահը հայտնել է նաև, որ կաշխատի համագործակցության լավացման ուղղությամբ»,- նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։ «ԱՄՆ նախագահն այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում, Իրանում և ամերիկա-գերմանական հարաբերությունները»,- գրել է Ռոդսը Twitter-ում։
Հուլիսի սկզբին Գերմանիայում տեղի էր ունեցել 2 լրտեսական սկանդալ. հուլիսի 2-ին ձերբակալվել էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցը՝ ամերիկյան հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելու համար, իսկ հուլիսի 9-ին հայտնի էր դարձել 2-րդ ենթադրյալ լրտեսի մասին, ով Գերմանիայի պաշտպանության նախարարության աշխատակից է։










