Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահին

12:27 • 16.07.14

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն:


Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:


«Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք:


Վերահաստատում եմ Հայաստանի՝ Եվրոպական Միության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: