Եթե քառյակը իր խոստացած հանրահավաքը չարեց, ապա հերթական փուչիկը կպայթի. Անահիտ Բախշյան

19:04 • 17.07.14

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ եթե քառյակը իր խոստացած հանրահավաքը աշնանը չարեց, քաղաքական առաջնորդները հարթակի վրա չեղան, ուրեմն հերթական փուչիկը կպայթի:

 

«Ընդհանուր քաղաքական մթնոլորտում սպասողական վիճակ է»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց նա:

 

Անդրադառնալով քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական ուժերի համագործակցությանը՝ Անահիտ Բախշյանը նշեց, թե, ցավոք սրտի, նման համագործակցություն չկա, և քաղաքացիական նախաձեռնությունների անդամները հայտարարում են, որ իրենք քաղաքական որևէ ուժի հետ չեն:

 

«Սակայն կա տարրական աքսիոմ՝ առանց քաղաքական ուժի երկրում որևէ փոփոխություն չես կարող իրականացնել»,- ասաց նա:

 

Անահիտ Բախշյանը քառյակի գործունեության վերաբերյալ նշեց, որ թեև համագործակցության կողմնակից է, սակայն կարծում է, որ այն պետք է արդյունք տա: «Բոլոր ներկայացրած տասներկու կետերը նվազագույն խնդիրներ են, սակայն նրանց մեջ նույնիսկ կուտակայինի դեմ պայքարը արդյունավետ չավարտվեց»,- ասաց նա:

 

Անդրադառնալով վաղը կայանալիք ՕԵԿ հանրահավաքին, Անահիտ Բախշյանը նշեց, որ կասկածում է, թե ՕԵԿ-ին կհաջողի հանրահավաքում համոզել մարդկանց իր ընդդիմադիր լինելու մեջ:

 

«ՕԵԿ-ը մոռանում է, թե անցած հինգ տարիներին՝ որպես կոալիցիայի անդամ, ինչպես է ավերիչ օրենքներին, նախագծերին քվեարկել: ՕԵԿ-ն ինքն իր դեմ է եղել, իսկ հիմա ցանկանում է իմիտացիա անել, թե իշխանության դեմ է»,- ասաց «Ժառանգության» անդամը:

 

Նա հայտնեց, որ ինքը հանրահավաքին չի գնալու: «Լսելու բան չունեմ և առավելևս ջղայնանալու առիթ չեմ ցանկանում ինձ ստեղծել»,-ասաց նա: