Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում մտածում են Ֆրանսիայում հանդիպելու առաջարկի շուրջ. Անրի Ռենո
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Փարիզում հանդիպելու հրավերին՝ ասաց, որ այսօրվա դրությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում մտածում են այդ առաջարկի շուրջ:
«Հենց երկու կողմերը հայտնեն, որ իրենք արդեն պատրաստ են՝ Ֆրանսիան անմիջապես ձեռնամուխ կլինի այդ հանդիպման կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին»,-ասաց դեսպանը։
Անրի Ռենոն նշեց, թե իրեն՝ որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, գոհունակություն է պատճառում այն հետաքրքրությունը, որին արժանացավ Ֆրանսիայի Նախագահի կողմից արված առաջարկը:
Հիշեցնենք, որ մայիսին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանում՝ պաշտոնական և Հայաստանում՝ պետական այցերի շրջանակում երկու երկրների նախագահներին հանդիպելու առաջարկ էր արել:
Tert.am-ի հարցին, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան ի՞նչ գնահատական է տալիս հայ-ադրբեջանական սահմանին օրերս ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին, դեսպան Անրի Ռենոն պատասխանեց. «Բնականաբար, ցավում ենք, երբ յուրաքանչյուր անգամ շփման գծում կամ երկու երկրների սահմանագծին տեղի են ունենում նմանատիպ տհաճ միջադեպեր»:
Ըստ դեսպանի՝ այդ միջադեպերը չեն կարող նպաստել, որպեսզի ստեղծվի նպաստավոր վստահության մթնոլորտը, որն անհրաժեշտ պայման է, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ:
«Բնականաբար, յուրաքանչյուր անգամ մենք կոչ ենք անում զսպվածության և ամենակարևորը՝ պահպանելու 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի ռեժիմը»,-ասաց դեսպան Անրի Ռենոն:










