Քարվաճառ ներթափանցած վարձկանները կպատժվեն ԼՂՀ օրենքներով. Սեյրան Օհանյան

15:44 • 17.07.14

Քարվաճառ օրերս ներթափանցած ադրբեջանցի վարձկանները կպատժվեն ԼՂՀ օրենքներով, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը։


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսս»–ը, Սեյրան Օհանյանին չի զարմացնում ադրբեջանական կողմի որոշումը` դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչին` Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների հարցով: Նախարարի խոսքով` Ադրբեջանը, գուցե, նաև պահանջի հետ վերադարձնել նրանց:


«Նրանք նաև կփորձեն, որպեսզի ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տան: Բայց ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունների տեսակետն այլ է: Նրանք վարձկան հանցագործներ են և այդ հանցագործները պետք է պատժվեն ԼՂՀ օրենքներով, իհարկե պետք է հաշվի առնվեն նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Իրենք կարող են փաստաբաններ ընտրել և մասնակից լինել դատավարությանը, բայց այն անձնավորությունները, ովքեր անօրեն թափանցել են ԼՂՀ տարածք և սպանություններ են կատարել, պետք է պատասխան տան հենց այդ երկրի օրենքների համաձայն»,-:


Նրա գնահատմամբ՝ Քարվաճառ թափանցած խումբը տարբեր ուղղություններով է շարժվել: «Եթե դուք եղել եք Քարվաճառի տարածքում, ապա պետք է իմանաք, որ լեռնաանտառային պայմաններն ու բարձրավանդակները հնարավորություն են տալիս ներթափանցելու: Այդ ընթացքում, թե նրանք ի՞նչ են արել` կպարզի նախաքննությունը: Տարիներ ի վեր եղել են տեղեկություններ, որ խմբեր են թափանցում և փա՛ռք Աստծո, որ հմուտ գործողությունների արդյունքում նրանք վնասազերծվել են»,- ասել է նախարարը:


Ինչ վերաբերում է բնակիչների զինմանը, որպեսզի կարողանան պաշտպանվել դիվերսիոն հարձակումներից, Սեյրան Օհանյանն ասել է, որ տարածքի բնակիչների մեծ մասը հենց պայմանագրային զինծառայողներ են, և ՊԲ հրամանատարությունը քննարկում է հարցը, որպեսզի պայմանագրային զինծառայողներն իրենց հետ ունենան նաև զենք և զինամթերք, որպեսզի կարողանան խնդիրների ժամանակ արագ ահազանգել և պատասխանել:


Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:


ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: