Ոչ թե դեղերն են ժամկետանց եղել, այլ` տարան. ԱՆ նախարարի պատասխանը՝ ՄԻՊ-ին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, թեև շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հոգեբուժարաններում կատարած աշխատանքի համար, բայց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ոչ թե հայտնաբերված դեղորայքն է ժամկետանց եղել, ինչպես ՄԻՊ–ը նշել է իր հայտարարությունում, այլ՝ դեղորայքի տարան:
«ՄԻՊ գրասենյակին շնորհակալ եմ ՀՀ առողջապահության նախարարությանը օգնելու համար: Կարծում եմ՝ մենք բոլորս նույն գործն ենք անում: Այսօր կլինեն նաև բացատրությունները հոգեբուժարանի տնօրենի կողմից ժամկետանց դեղորայքի մասին: Բայց ես խորհուրդ կտամ, որ եթե հիվանդանոցային դեղորայքի ժամկետն են նայում, նախ նայեն հիվանդանոցային դեղատան դեղերի ժամկետները »,-ասաց Արմեն Մուրադյանը:
Վերջում նախարարն ընդգծեց, որ շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ինչպես նաև յուրաքանչյուր հասարակական կառույցի, լրատվական միջոցի, ովքեր կուժեղացնեն իրենց վերահսկողությունն ու կաջակցեն նախարարությանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ գրասենյակը օրերս հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ օմբուդսմենի ներկայացուցիչներից հետո պարզվել է, որ մի շարք հոգեբուժարաններում սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են: Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը:










