Ուկրաինայի ՆԳՆ-ն Ավակովի դեմ մահափորձի համար մեղադրում է Գորլովկայի պարետին, վերջինս հերքում է

12:42 • 17.07.14

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Արսեն Ավակովի դեմ մահափորձի կազմակերպման հետ կապ ունի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքի պարետ Իգոր Բեզլերը, ով հայտնի է նաև «Բես» անունով, հայտնում է РИА Новости-ն։

 

«Կազմակերպիչը եղել է անմիջապես Իգոր Բեզլերը։ Հենց նրա դիվերսիոն-հետախուզական խմբերը պետք է կազմակերպեին սպանությունը»,- հայտարարել է Ավակովի տեղակալ Զորյան Շկիրյակը։

 

Նրա խոսքով՝ մահափորձը նախատեսված է եղել հուլիսի 7-9-ը, երբ Ավակովը գտնվել է Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության վայրում։ Շկիրյակը նշել է, որ մահափորձի իրականացման համար պատրաստվել են մի քանի դիվերսիոն խմբեր, որոնք ենթարկվել են անմիջապես Բեզլերին։

 

Բեզլերն, իր հերթին, հերքում է իր կապը մահափորձի կազմակերպման հետ։ «Այժմ ամեն ինչ իմ վրա կբարդեն։ Մենք դրա հետ կապ չունենք։ Ես կարծում եմ, որ պատճառը հոլովակն է, որը նախօրեին տեղադրել էին մերոնք. մարդիկ վերջապես տեսան, թե ով է Ավակովը։ Դեռևս մնացել են ազնիվ ոստիկաններ, որոնք իրենց զենքն ուղղել են նրա դեմ»,- հայտարարել է Բեզլերը։

 

Չորեքշաբթի աշխարհազորայինները համացանցում հոլովակ են տեղադրել, որտեղ, ըստ աղբյուրի, գերեվարված ուկրաինացի ուժայինը պատմում է Ազգային գվարդիայի կողմից Կրասնի Լիման քաղաքում իրականացված «սպանդի» մասին։