Դոնեցկում հայտնաբերվել են իրեր, որոնք կարող են մալայզիական ինքնաթիռի սև արկղերը լինել
Մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում Դոնեցկի զինյալները հայտնաբերել են իրեր, որոնք կարող են ինքնաթիռի «սև արկղերը» լինել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է «Վոստոկ» գումարտակի ներկայացուցիչը: «Հայտնաբերվել են մի քանի նման իրեր, այժմ ճշտվում է, թե արդյո՞ք դրանք «սև արկղերն» են»,- ասել է գումարտակի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ զինյալ կամավորականները հաղորդել են, որ հավաքվում են զոհված ուղևորների փաստաթղթերն ու էլեկտրոնային կրիչները, լուսանկարչական սարքերի հիշողության քարտերը, որոնք կարող են լույս սփռել ողբերգության վրա:
Զինյալների ներկայացուցչի խոսքերով՝ բոլոր այդ իրերը հանձնվելու են փորձագետներին՝ ուսումնասիրության համար:
Ամստերդամից թռչող մալայզիական ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր Ուկրաինայի օդային տարածքում: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ այն կործանվել է Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ սահմանից 60 կմ հեռու:










