ՀԱՄԱՍ-ը համաձայնել է 5-ժամյա հրադադար հաստատել Գազայի հատվածում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղի է տվել ՄԱԿ-ի խնդրանքին ու այսօր առավոտյան համաձայնել 5-ժամյա հրադադար հաստատել Գազայի հատվածում, որպեսզի ռազմական գործողություններից տուժածներին մարդասիրական օգնություն հասցվի։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուխրին տեղեկացրել է, որ հրադադարը սկսվել է տեղի ժամանակով 10։00-ին և կտևի մինչև 15։00-ը։ Նախօրեին հրեական կողմը ևս համաձայնել էր 5-ժամյա հրադադարին, որպեսզի շարքային պաղեստինցիները կարողանան պարենի պաշարներ ստանալ։
Միևնույն ժամանակ իսրայելական զինուժն ընդգծել է, որ եթե հրադադարի ժամանակ ՀԱՄԱՍ-ը հարձակում գործի, իրենք անպայման պատասխան հարված կհասցնեն։
Հիշեցնենք, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև տեղի ունեցող 9-օրյա ռազմական գործողությունների պատճառով զոհվել է 213 մարդ, որոնց ճնշող մասը պաղեստինցիներ են, այդ թվում՝ երեխաներ։










