Չինացի պաշտոնյաներին որոշել են հեռացնել աշխատանքից արտամուսնական կապերի համար

15:03 • 17.07.14

Չինաստանում պաշտոնյաներին, որոնց «կբռնացնեն» ամուսնական դավաճանության մեջ, կհեռացնեն աշխատանքից և Կոմունիստական կուսակցությունից: Պետծառայողների վարքին կհետևի Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության հարցերով կենտրոնական հանձնաժողովը, գրում է lenta.ru-ն:

 

Ընդ որում՝ դա արվում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, քանի որ սիրուհիներին «պահելու» համար շատ չինացի պաշտոնյաներ կաշառք են վերցնում:

 

Համացանցում պարբերաբար հայտնվում են կուսակցական պաշտոնյաների և նրանց սիրուհիների մասնակցությամբ տեսանյութեր։ Սովորաբար, բաժանվելուց հետո դրանք ցանցում տեղադրում են հենց կանայք: Այդպես նրանք օգնում են ոստիկանությանը բացահայտել իշխանության կաշառակեր ներկայացուցիչներին:

 

Միայն հունիսի սկզբից ի վեր 6 բարձրաստիճան պաշտոնյայի «բռնացրել» են ամուսնական դավաճանության մեջ: Այսպես, օրինակ, Լիու Ջիջունան ունեցել է 18 սիրուհի, որոնց թվում եղել են դերասանուհիներ, բուժքույրեր և բորտուղեկցորդուհիներ: Սակայն սիրուհիների քանակով ռեկորդը պատկանում է 2001 թվականին կոռուպցիայի համար դատապարտված Ցզյանսուի շինարարական վարչության ղեկավար Սյու Ցիյաոյին, ով ունեցել է 146 սիրուհի։