ԵՄ առաջնորդները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը. դիվանագիտական աղբյուր

10:07 • 17.07.14

Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ հավանություն են տվել Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման նախագծին, սակայն խոսքը տնտեսությունում մասշտաբային պատժամիջոցների մասին չէ, հինգշաբթի France-Presse գործակալությանը հայտնել է անանուն դիվանագիտական աբյուրը:

 

Աղբյուրի խոսքով՝ ԵՄ առաջնորդները հավանության են արժանացրել ՌԴ-ում Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին առաջարկը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրների առաջնորդները մտադիր են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին առաջարկել դադարեցնել ՌԴ-ի հետ նոր համատեղ նախագծերի ֆինանսավորումը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով:

 

Բացի այդ, Եվրոպական խորհուրդը հանձնարարել է ԵՄ երկրների դեսպաններին հուլիսի վերջին պատրաստել պատժամիջոցների նոր ցանկ, որում ընդլայնված չափանիշների հիման վրա կներառվեն Ռուսաստանից նոր անձինք և ընկերություններ։