Գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը մտահոգիչ է. կարծիքներ

19:30 • 17.07.14

Tert.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը շատ տագնապալի և անընդունելի երևույթ է համարում Մոսկվայում արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալումը, բայց նախքան որևէ բան պնդելու համար, ասում է, որ պետք է հասկանա ընդհանուր համատեքստը:


«Հիմա, ով ում ինչ մեսիջ է ուղարկում, ինչ է հասկացնում, ինչ գործառույթներ են, մենք պետք է հասկանանք»,- ասաց Աշոտ Մանուչարյանը, ով այս ձերբակալությունը նաև շատ բարդ և տարողունակ նյութ է որակում:
«Սա պատկանում է այն սիմվոլիկ իրադարձություններին, որոնք ցույց են տալիս մեզ, թե ինչ վիճակում ենք հայտնվել: Եվ նաև ցույց է տալիս, որ նրանց համար, ովքեր այսօր իշխանական պոստեր են զբաղեցում, որ deadline-ն (վերջնաժամկետ – անգլ.) իրենց համար անցած է»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը:


Նշենք, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության համար հայաստանյան մամուլում շրջանառվում է երեք հիմնական վարկած: Վարկած 1-ին՝ նրա ձերբակալությունը ադրբեջանական իշխանություններն են կազմակերպել՝ Արցախում նրա սոցիալ–տնտեսական գործունեության համար: Վարկած 2-րդ՝ սա ՌԴ իշխանությունների պատասխանն է Հայաստանին՝ «Արմենթելի» նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար, և վարկած 3՝ Լևոն Հայրապետյանը արտասահմանում բազմաթիվ ընդդիմադիր հարցազրույցներ էր տալիս և խնդիր ունի ՀՀ իշխանությունների հետ:


Աշոտ Մանուչարյանը աներկբա մերժեց առաջին՝ ադրբեջանցիների մասնակցության վարկածը՝ ասելով.«Լևոն Հայրապետյանը շատ խորը մարդկային հարաբերություններ ունի Իլհամ Ալիևի և ուներ՝ Հեյդար Ալիևի հետ: Եվ իմ մտքով անգամ չի անցնի, որ կարող է՝ Իլհամ Ալիևը նման բան աներ»:


«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, թե այն, որ Ռուսաստանում որոշում է ընդունվել նման ազդեցիկ և չափազանց հարուստ մարդու ձերբակալել, նշանակում է կան ինչ-որ շարժառիթներ:


Tert.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այն, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվելուց առաջ եղել է Արցախում, դա մտահոգելու առիթ է տալիս, ինձ թվում է, որ նրա նկատմամբ կայացրած որոշումն ուղղակիորեն առնչվում է ԼՂՀ-ն աջակցելու նրա գործունեության հետ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը, ով ևս պահին չի կարող որևէ մի վարկածի օգտին խոսել:


Նա միայն նշեց, որ Ռուսաստանին ինչ-որ մի բան դուր չի գալիս, հետևաբար ինչ-որ մի բան հասկացնելու անհրաժեշտություն ուներ: «Հնարավոր է՝ դա կապ ունի Ղարաբաղում ռուսական զորքեր տեղադրելու խնդրի հետ, հնարավոր է կապ ունի Հայաստանի ԵՄ անդամակցության հետ, հնարավոր է՝ կապ ունի ռուս-ադրբեջանական մերձեցումների հետ: Մի բան ակնհայտ է, որ քաղաքական շարժառիթ կա»,- հավելեց մեր զրուցակիցը:


ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վարդգես Բաղրյանն էլ, ով առանց ստույգ ինֆորմացիա ունենալու դժվարանում է որևէ կոնկրետ դատողություն անել, արձանագրեց այն, ինչ հայտնի է, որ Լևոն Հայրապետյանը հսկայական ազդեցություն ունի Ղարաբաղի տնտեսության զարգացման և ընդհանրապես սոցիալական ոլորտում։


«Դատելով նաև վերջին զարգացումներից, հնարավոր է թվում, որ քաղաքական ենթատեքստ կա։ Լևոն Հայրապետյանն իր բիզնեսը կառուցել է արդար հիմքերի վրա, և ուղղակի զարմանալի է, դատելով լրատվական հաղորդագրություններից, որ նա կարող է խառնված լինել այդ դեպքերին, որոնք փորձում են վերագրել իրեն: Ցավալի էր լսել, որովհետև մենք գիտենք Լևոն Հայրապետյանը բիզնես ունի թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում, և այսքան տարիների ընթացքում մենք երբևէ չենք լսել, որ նա ինչ-որ խարդախ քայլեր է արել»,- նշեց արցախցի խորհրդարանականը, ով անձամբ նրան բավականին լավ է ճանաչում:


«Նա նաև ֆինանսավորել է մեր արցախյան ֆիլմաշարը։ Այսինքն՝ այդքան հայրենասեր, հայրենիքի ցավերով տոգորված մարդը կարո՞ղ է նման գործերում խառնված լինել, առվել ևս՝ պատվեր տալ մարդկանց վերացնելու: Քրեական հանցագործությո՞ւն են ուզում նրա վզին բարդել»,- հարցրեց պատգամավորը , ով անձամբ չի հավատում դրան:


Վարդգես Բաղրյանն ասաց, որ այս հարցում տեսնում է Ադրբեջանի «ականջները» կամ «պոչը», և այն կապում է Քարվաճառի դիվերսիոն խմբի ներթափանցման հետ, և չի կարծում, որ նրա վերջին շրջանում քննադատական մոտեցումը Հայաստանի իշխանություններին կապ ունի:


«Նա միշտ էլ արտահայտել է իր կարծիքը։ Թ՛ե Հայաստանի, և թե՛ Ղարաբաղի իշխանությունները շատ լավ հարաբերությունների մեջ են Լևոն Հայրապետյանի հետ, և այլ կերպ լինել չէր կարող, քանի որ նա իր ունեցվածքի մի հսկայական մասը ներդրել է հենց հայրենիքում։ Լևոն Հայրապետյանն ինքնուրույն մտածող մարդ է և երբեք չի վարանել իր տեսակետն ու կարծիքը հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ։ Ինձ համար ակնհայտ է ՀՀ-ի և ԼՂՀ-ի իշխանությունների հետ որևէ խնդիր չէր կարող լինել այս պատմության հետ կապված»,- ամփոփեց մեր զրուցակիցը:


Ինչ վերաբերում է Ռուսաստանի իշխանություններին, ապա ըստ Վարդգես Բաղրյանի, և՛ ժամանակաշրջանը , և՛ վերջին զարգացումները, և՛ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, կարծես թե, պատահական չեն։


Հարցին, թե այս քայլով Ռուսաստանը ուզում է սաստե՞լ Հայաստանին կամ Ադրբեջանին ծառայություն մատուցել, արցախցի պատգամավորը պատասխանեց. «Երևի թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Ես դրա տակ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում»:


Ըստ մեր զրուցակցի՝ Արցախում բոլորը ցավում են նրա համար, որովհետև նա հսկայական ներդրում է արել Արցախում, իր «հարստությունն իր համար չի կուտակել և չի վայելել, նա այդ ամենով կիսվել է ժողովրդի հետ»։


Հայաստանի Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, ով ևս մարդկայնորեն ցավում է Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի, ավելին այդ՝ ողբերգության համար, հույս ունի, որ քննության արդյունքում կպարզվի, որ քրեական այդ միջադեպը թյուրիմացություն է:


«Լևոն Հայրապետյանն այն մարդկանցից է, ով հայտնի է և՛ Ռուսաստանում, և՛ բազմաթիվ իր բարեգործություններով հանդես է եկել հատկապես Ղարաբաղում: Եվ, իհարկե, մեզ համար դա շատ վատ լուր է»,- նշեց պատգամավորը, ով անտեղյակ է այդ գործընթացներից:


Բայց Կարինե Աճեմյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան հարցերը մշտապես իր ուշադրության տակ պահող Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը ոչ նպաստավոր միջավայր ու վատ հետևանքներ կարող է ունենալ և՛ Հայաստանի, և՛ Արցախի վարկի վրա:


Արցախի պաշտոնական իշխանությունների արձագանքը ստանալ չհաջողեց, քանի որ ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: