Պուտինն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ պատժամիջոցները «բումերանգի էֆեկտ» կունենան

08:54 • 17.07.14

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանված պատժամիջոցները կազդեն հենց Միացյալ Նահանգների վրա: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բրազիլիայում ռուս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, գրում է lenta.ru-ն:


«Պետք է տեսնել՝ ինչ պատժամիջոցներ են, պետք է զբաղվել դրանով առանց խառնաշփոթի, հանգիստ»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ նշելով, որ Վաշինգտոնի այսպիսի գործողությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի և վնասում են դրանց:


«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք, որպես կանոն, ունեն բումերանգի էֆեկտ, և առանց որևէ կասկածի, տվյալ դեպքում ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի և լուրջ մեծ վնաս են հասցնում»,- ասել է Պուտինը:


Պուտինի կարծիքով՝ պատժամիջոցները կարող են վնասել ամերիկյան ընկերություններին: Նրա խոսքով՝ խոշոր ընկերությունները ցանկանում են աշխատել Ռուսաստանում, բայց բախվելով սահմանափակումների հետ, կկորցնեն իրենց մրցունակությունը՝ համեմատ մյուս էներգետիկ ընկերությունների:

«Նրանք վնաս են հասցնում իրենց խոշոր էներգետիկ ընկերություններին, և այդ ամենը հանուն ինչի՞: Որպեսզի մի սխալն անելով պնդել մյո՞ւսը: Ես կարծում եմ, որ դա առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»,- հայտարարել է Պուտինը:


Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: