Ռուսաստանը մտադիր չէ դիմանալ շանտաժին. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին

12:03 • 17.07.14

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից ռուսական ընկերությունների, բանկերի, անձանց դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ նշելով, որ իրենք մտադիր չեն տանել այդ շանտաժը և իրավունք ունեն դիմելու պատասխան քայլերի։


Ինչպես նշում է РИА-Новости-ն, Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «եթե Վաշինգտոնը փորձում է քանդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ապա դա կմնա նրա խղճին»։


«Մենք եղել ու շարունակում ենք կառուցողական հարաբերությունների համար բաց մնալ բոլոր պետությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի համար՝ հիմք ընդունելով իրավահավասարությունը, ներքին գործերին չխառնվելն ու կողմերի շահերը հաշվի առնելը։ Սակայն շանտաժին դիմանալ չենք պատրաստվում և իրավունք ենք մեզ վերապահում դիմելու պատասխան քայլերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Газета-ն հավելում է, որ ԱԳՆ-ի կարծիքով՝ նոր պատժամիջոցներով Միացյալ Նահանգները ցանկանում է վրեժխնդիր լինել Ռուսաստանից այն բանի համար, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները չեն համապատասխանում Վաշինգտոնի սցենարին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանված պատժամիջոցները կազդեն հենց Միացյալ Նահանգների վրա և «բումերանգի էֆեկտ» կունենան։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Արդյունքում պատժամիջոցների ցանկում ներառվել է 40-ից ավելի ռուս քաղաքական գործիչ ու գործարար։