Էլիտար սերմերից տուժած վարդենիսցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ)

16:04 • 17.07.14

Կառավարության դիմաց այսօր իրենց բողոքի էին դուրս եկել Վարդենիսի խումբ ֆերմերներ, ովքեր դժգոհում էին 2011թ-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացված էլիտար սերմերի որակից, ինչի պատճառով, ինչպես իրենք էին պնդում, երեք տարի է՝ իրենց ողջ ունեցվածքը կալանքի տակ է դրված:


Լրագրողների հետ զրույցում ֆերմերներից Աշոտ Դավթյանն ընդգծեց, որ 2011թ-ին իրենք ստացել են անորակ սերմ և հայտնվել բարդ իրավիճակում:


«Սերմերի գործակալությունը փոխանակ նորմալ սերմ բերի, էլիտար սերմի անվան տակ պարենային հացահատիկ է բաժանել մեզ ու ընկել ենք դատական ատյանների ձեռքը: Հիմա մեր գումարները, տները մեքենաները լրիվ կալանքի տակ են»,– դժգոհեց նա:


«Սա այն դեպքում, երբ Վերահսկիչ պալատը իր հաշվետվություններից մեկում գրել է, որ Սերմերի գործակալությունը սերմերը Ստավրապոլյան տնտեսությունից պետք է բերեր, այնինչ գնացել պատահական հացահատիկային ընկերությունից է բերել, որը պարենային հացահատիկ է մթերում և բերել խաբել է մեզ, մենք էլ էս 3 տարի է այս վիճակի մեջ ենք»,- ասաց նա:


Նրանք պնդում են, որ ստեղծված իրավիճակի արդյունքում չեն ստացել բերք ու չեն կարողացել պետությանը վերադարձնել սերմացու:


Tert.am-ի հարցին, թե այսօր ինչ են պահանջում կառավարությունից, հատկապես այն պարագայում, որ գործը գտնվում է դատարանում, պատասխանեց. «Կառավարությունից պահանջում ենք դրական լուծում, ապացուցված է, որ դրանք անորակ են եղել, կառավարությունը պետք է միջնորդի մի բան անի, որ գործը արագացվի»,- ասաց նա: