Ֆրանսիացի պատգամավորը կաջակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկմանը
Ֆրանսիայում գործող «Արմենիա» մշակութային ասոցիացիայի նախագահ Գրիգոր Ամիրզայանը և Վալանսի ֆիլատելիստների միության նախագահ Ժան Ֆրանսուա Սբարդելան շաբաթվա սկզբին հանդիպել են երկրի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Լաբոնի հետ՝ շարունակելով Հայոց ցեղասպանությանը նվիրված նամականիշի թողարկման ուղղությամբ տարվող ջանքերը, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Լաբոնը, ով նույնպես ֆիլատելիստ է, հավանության է արժանացրել «Արմենիա»-ի նախաձեռնությունը, որին աջակցում է Վալանսի ֆիլատելիստների միությունը և CCAF-ը՝ Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների համակարգող հանձնաժողովը:
Պատգամավորը ստացել է «Արմենիա»-ի նախաձեռնության ծրագիրը, որն ուղարկվել է նաև ֆիլատելիստական թողարկումների համար պատասխանատու Փոստային ծառայության մարմիններին, և իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությանը, որը նա կպաշտպանի Փարիզում:
Ժան Ֆրանսուա Սբարդելան և Գրիգոր Ամիրզայանը երախտագիտություն են հայտնել ֆրանսիացի պատգամավորին, ով խոստացել է հանդիպումներ ունենալ փոստային նյութերի թողարկման համար պատասխանատու նախարարությունում:
«Արմենիա»-ի նախագահը և Վալանսի ֆիլատելիստների միության նախագահը շեշտել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կարևորությունը։










