ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր արտահերթ նիստ կհրավիրի կործանված Boeing-ի հարցով

09:28 • 18.07.14

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան պատրաստվում է արտահերթ նիստ հրավիրել՝ ռուս-ուկրաինական սահմանին կործանված մալայզիական Boeing 777 ինքնաթիռի հարցով։ Ինչպես նշում է Лента-ն, արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայինն է. նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն արդեն կոչ է արել միջազգային լիարժեք ու թափանցիկ հետաքննություն անցկացնել ավիավթարի պատճառները պարզելու համար։ Հետաքննության գաղափարին հավանություն է տվել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ առաջարկելով այդ նպատակով ստեղծել հատուկ խումբ։

 

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը կործանվել է երեկ՝ Դոնեցկի շրջանում։ Վթարի հետևանքով զոհվել է 298 մարդ։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինան չի հարվածել ուղևորատար օդանավին, քանի որ այն տարածքում, որտեղ այն ընկել է, Կիևը հակահրթիռային պաշտպանական համակարգ չունի։