ԱՄՆ վարչակազմը դեմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է Կոնգրեսի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանմանը, քանի դեռ Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները շարունակվում են. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Պետքարտուղար Ջոն Քերին չի աջակցում նոր պատժամիջոցներին՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված, քանի դեռ մենք բանակցություններ ենք վարում, քանի որ դա արդյունավետ չի լինի այդ բանակցությունների համար»,- գրել է Հարֆը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Այս օրերին Վիեննայում տեղի է ունենում Իրանի և միջազգային միջնորդ «վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը:
Համաձայն 2013թ.-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնագրի՝ Իրանն ու «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) պայմանավորվել էին մինչև հուլիսի 20-ը համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցով և դրան ի պատասխան դադարեցնել Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները:










