86 տարեկան հասակում մահացել է անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանը
Այս գիշեր Երևանում մահացել է անվանի գիտնական, հայագետ, ակադեմիկոս, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը, այս մասին Tert.am–ին հայտնեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ներկայիս տնօրեն, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը:
Ինչպես նշեցին Մատենադարանի այլ աշխատակիցներից մեկը, Սեն Արևշատյանը մինչև վերջին էլ օրն էլ աշխատանքի է եկել:
Սեն Արևշատյանը շուրջ 25 տարի` 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007թ. ցայսօր Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։
Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը։
Սեն Արևշատյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով, Եվրոպայի մշակույթի «Պո-Արաքս» ընկերության (Վենետիկ) անդամ է, Փիլիսոփայական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ։
2008 թ պարգևատրվել է ՀՀ Կրթության և Գիտության նախարարության ոսկե մեդալով, արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու«Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի, 2010 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։










