Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվել է ցմահ բանտարկության

17:34 • 25.07.14

Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է ցմահ բանտարկության, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։


Նույն պատիժն է սահմանվել նաև Ղրղզստանի նախկին նախագահի եղբոր՝ Ժանիբեկ Բակիևի նկատմամբ։

 

Նախկին նախագահը և նրա եղբայրը, ով գլխավորում էր Ղրղզստանի պետական պահպանության ծառայությունը, դատապարտվել են Բիշքեկում 2010 թվականի ապրիլի 7-ի զանգվածային անկարգությունների մասին գործով։ Այդ ժամանակ բախումների ընթացքում սպանվել է 80 մարդ և 300 հոգի վիրավորվել է։

 

Երկրում լարվածություններն այդ ժամանակ հանգեցրին իշխանափոխության, Բակիևները լքեցին Ղրղզստանը և այժմ ապրում են Բելառուսում։ Ընդհանուր առմամբ, գործով անցնում է 28 մեղադրյալ, նրանցից ինը հետախուզման մեջ են, որոնց թվում են նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը և նրա մերձավորները։

 

Ավելի վաղ դատարանը Կուրմանբեկ Բակիևին և նրա բարեկամներին հեռակա կարգով երկարատև ժամկետներով ազատազրկման էր դատապարտել արտասահմանցի գործարար Շոն Դեյլիի սպանության փորձի մասին գործով։