Կարմիրգրքային կենդանիներին անազատության մեջ պահելու դեռ նոր դեպքեր կհրապարակենք. բնապահպան
Բնապահպան Սիլվա Ադամյանը, մեկնաբանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումն այն մասին, թե Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ապօրինի Կարմիր գրքում գրանցված արջեր է պահում, հայտարարեց, որ իրենք դեռ նմանատիպ նոր դեպքերի մասին բացահայտումներ կհրապարակեն, քանի որ արդեն սկսել են ուսումնասիրել այդ դաշտը:
«Մենք մի ուրիշ ահազանգ էլ ենք ստացել, ուղղակի դեռ չենք կարող հրապարակել: Մի ռեստորանային համալիրում նույնպես արջեր են պահում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է Տավուշի մարզպետին՝ բնապահպանը նշեց, որ իրենք դիմել էին բնապահպանության նախարարին՝ խնդրանքով, որպեսզի տեղեկացնի, թե ինչ ծրագրերի և օրենքների է Հայաստանը միացել. «Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին օրենքին ենք միացել, և նաև նախարարը պատասխանեց, որ մինչ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում անձանց կողմից անազատության մեջ կենդանիներին պահելու համար որոշում չի կայացվել: Դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր վայրի կենդանիներին անազատության մեջ են պահում, չունեն համապատասխան փաստաթուղթ: Դա նշանակում է, որ այդ մարդիկ անօրինական ձևով իրենց համար զվարճանքի վայր են սարքել»:
Սիլվա Ադամյանը նաև նշեց, որ նման դեպքեր շատ կան, և իրենք շուտով այլ դեպքերը ևս կհրապարակեն: «Մենք մի շարժում ենք սկսել և պետք է բացահայտենք այդ դաշտը: Նախարարության հետ, թե առանց նախարարության՝ մենք դա անելու ենք»,-վստահեցրեց բնապահպանը:










