Ես էլ ունեմ ամաչելու բաներ.ԵՊՀ ռեկտորը սա ասում է ո´չ միայն իր մանկության ու պատանեկության, այլ նաև՝ ներկայիս մասին
Յուրաքանչյուր մարդ ամաչելու բաներ ունի, և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ բացառություն չէ: «Ազատութուն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրն այսպես պատասխանեց ֆեյսբուքյան օգտատիրոջ լակոնիկ՝ «Չե՞ք ամաչում» հարցին:
«Յուրաքանչյուր մարդ, կարծում եմ, ամաչելու բաներ ունի, և ես էլ ունեմ ամաչելու բաներ, եթե իմ հիշողությունը պրպտեմ, քչփորեմ, ապա, իհարկե, ժամանակին ծնողիս հետ կոպիտ խոսելը կամ ուսուչիս հետ…»,- ասաց Արամ Սիմոնյանը, ում հաղորդավարն ուղղեց, թե խոսքը մանկության շրջանի մասին չէ:
«Հիմա´ էլ, հիմա´ էլ, իհա´րկե, անհիմն աշխատողի վրա, քեզնից ավելի ստորին աստիճանի վրա գտնվողի վրա բարկանալը, չզսպելը, անարդարացի որոշումներ կայացնելը գուցե: Սրանք բոլորը շատ մարդկային են և հասկանալի, և կարևոր է, որ դա մարդն զգում է, այդ ամոթի զգացումը»,-պատասխանեց նա:
Պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե երբ 2013 թ-ին ԵՊՀ-ի վարձավճարները թանկացան, մասնավորապես՝ ֆիզիկայի ֆակուլտետի վարձը 300 հազար դրամից դարձավ 400 հազար , բարձրացումների շնորհիվ ի՞նչ բարեփոխումներ կատարվեցին բուհում և առանձին ֆակուլտետներում, որովհետև օգտատերն ինքը որևէ դրական փոփոխություն չի նկատել, ԵՊՀ ռեկտորն ասաց.« Դրական փոփոխություններ ամեն տարի կան, ուղղակի տեսնելու ցանկություն է պետք, կան հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում: Նախևառաջ՝ բարձրացվեց մեր աշխատողների աշխատավարձը ՝ 10-50 հազարի սահմաններում, և սա նույնպես ուսման որակի վրա անմիջականորեն ազդում է: … Իսկ բարեփոխումները մեզանում մշտական են, և դա տեսանելի է նաև անզեն աչքով»:
Արամ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ եթե նախկինում մայր բուհն ունեցել է մեկ կայք, ապա այսօր՝մեկ ինտերնետային պորտալ, որտեղ 50-ից ավելի համալսարանական կայքեր կան:
Գիտության ոլորտում ԵՊՀ-ն, ըստ ռեկտորի, ահագին աշխատանք է կատարել, հիմնել է տարբեր հայագիտական, գիտական և ոլորտային հանդեսներ:
Ինչ վերաբերում է, որ այս տարի ԵՊՀ-ի դիմորդների ավելի քիչ լինելուն ( միայն ԵՊՀ-ում կա 461 թափուր տեղ), Արամ Սիմոնյանը նկատեց, որ ամենուր դիմորդների պակաս կա, իսկ թափուր տեղերի առկայությունը պայմանավորեց բնագիտական ֆակուլտետներ դիմորդների պակասով:
Այս տարի 50 տոկոսով չեն զբաղեցվել հոգեբանության ֆակուլետի տեղերը:










