Մարկ Ցուկերբերգն արդեն Google-ի հիմնադիրներից ավելի հարուստ է
Facebook-ի ֆինանսական զեկույցից հետո շուկայի դրական արձագանքը սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին դարձրել է ավելի հարուստ, քան Google-ի հիմնադիրները:
Ինչպես գրում է gazeta.ru-ն՝ Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բարձրացել է Bloomberg-ի վարկածով միլիարդատերերի վարկանշային ցուցակի 16-րդ հորիզոնական. նրա կարողությունը գնահատվում է 33,3 միլիարդ դոլար։ Ընդ որում՝ Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի կարողությունը կազմում է 33,2 միլիարդ դոլար, իսկ մյուսի՝ Սերգեյ Բրինի կարողությունը՝ 32,9 միլիարդ դոլար։
Այժմ Facebook-ի մեկ բաժնեթուղթն արժե 74,98 դոլար։ Եթե արժեթղթի արժեքը բարձրանա մինչև 200 դոլար, Ցուկերբերգը կդառնա աշխարհում ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Microsoft-ի նախկին գլխավոր տնօրեն Բիլ Գեյթսից։










