Հայոց ցեղասպանության մասին Ֆաթիհ Աքընի ֆիլմը միակողմանի է. Sabah-ը քննադատել է The cut ֆիլմը

16:08 • 04.12.14

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունից առաջ ասել էր, թե իրեն բռնցքամարտիկի պես է զգում և պատրաստ է քննադատություններ լսել: «Կարևորն ընկնելուց հետո վեր կենալն է»,- ասել է նա:

 

Sabah-ի հոդվածագիր Մևլութ Թեզելը քննադատական հոդված է գրել Աքընի նոր ֆիլմի մասին: 

 

«Աքընն իր հարցազրույցներում հանգիստ նշում է, որ ֆիլմը չհավանողներ կան: Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է պատահում, որ իր ֆիլմը չեն հավանում, սակայն այդ կոշտ քննադատությունները նա որպես փորձություն է տեսնում և դրանից հաճույք է ստանում: Ահա այսպիսին է մեծ ռեժիսորը: Եթե Աքընը բռնցքամարտիկի նման պատրաստ է քննադատություններին, ուրեմն մենք էլ սկսենք բռունցքի հարվածներ հասցնել նրա ֆիլմին»,- գրում է հոդվածագիրը:

Այն ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

Անգամ Կուբայի մասին կա

Ֆիլմի իրադարձություններն սկսվում են 1915թ.-ին՝ Մարդինում: Վարպետ Նազարեթին այլ հայ տղամարդկանց նման տանում են՝ զինվորագրելու պատճառաբանությամբ:

 

Սոված ու ծարավ Նազարեթը ճանապարհաշինության վրա է աշխատում, տեսնում է բռնաբարության ենթարկվող հայ կանանց, քաղցած երեխաների, տարեցների: Հասկանում ենք, որ 1915-ի հայերի տեղահանությունն է սկսվել:

 

Դրանից հետո սկսվում է ճանապարհորդությունը…. Մարդինից հասնում է Կուբա և Ամերիկա:

 

Մի՛ ասեք՝ Կուբա՞ն ինչ կապ ունի: Աքընն այս ֆիլմի վրա շատ է աշխատել, շատ աղբյուրներից է օգտվել: Անգամ որոնումների ընթացքում Հավանա հասել:

 

Ֆիլմը, սակայն, երիտասարդ տարիներին նկարահանած ֆիլմերից շատ ավելի թույլ է:

 

Ժամանակաշրջանը կիսատ է նկարագրվում


Ֆիլմում բոլորն իրենց մայրենիով են խոսում, ինչը տարօրինակ է: Դերասաններն էլ լավը չեն: 2.5 ժամ տևող ֆիլմում նրանց կերպարները ստեղծելու առումով խնդիրներ կան: Սցենարը 1915թ.-ի հայերի տեղահանության նման ծանր թեմայի տակ ճզմվել է:

 

Ռեժիսորը փորձել է Առաջին աշխարհամարտի տարիների մթնոլորտը ցույց տալ, սակայն ամբողջությամբ չի նկարագրում պայմանները: Հայերին օգնող թուրքեր կան, սակայն ֆիլմի սկզբում այնքան հասարակ լեզու է օգտագործված, որ որոշ տեսարաններում կարծում ես, որ թուրքերը դաժան ազգ են:

 

Բայց Աքընի ամենամեծ սխալը, կարծում եմ, այն է, որ տեղի ունեցածները պատմում է հայ հայրը, և այն միակողմանի է»։

Հայոց ցեղասպանության մասին Ֆաթիհ Աքընի ֆիլմը միակողմանի է. Sabah-ը քննադատել է The cut ֆիլմը