Տոնական համերգ 11 երգչախմբերի մասնակցությամբ՝ նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան
Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում դեկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին տեղ կունենա տոնական համերգ՝ նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Այսօր այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։
Համերգը կազմակերպվում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Ընդհանրապես գաղափարը միավորվելն է և ամենաճիշտ ու ընդգրկուն տարբերակը երգչախմբային արվեստն է»,-ասաց Տիգրան Հեքեքյանը և նշեց, որ համերգին մասնակցելու է տասնմեկ երգչախումբ:
Նա նշեց, որ բացի այն, որ համերգի նպատակը միջազգային զարգացումներից հետ չմնալն է, այն ունի նաև ուսուցողական և մշակութային արվեստներին մերձեցնելու գաղափար, ինչի համար հրավիրվում են 12000 երեխա՝ տարբեր դպրոցներից: Նա նշեց, որ անցած տարի երեխաները հրաշալի հանդիսատես էին:
«Ես հպարտանում եմ այն սերնդով, որը գալիս է մեզանից հետո: Համերգի վերջում մենք բոլորս միասին երգում ենք»,-ասաց նա և հայտնեց, որ այս տարի միացել է նաև երեք մարզ և Արցախը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի՝ ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության ներկայացուցիչ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ այս մրցույթը ինքնանպատակ չէ, այլ այն ունի զարգացում: Նա հայտնեց, որ շուրջ 350 երգչախումբ է գործում Հայաստանում՝ ոչ միայն թղթի վրա, այլ իրապես աշխատանքներ են տարվում:
Նա կիսեց պարոն Հեքեքյանի կարծիքը, որ Հայաստանն ունի խմբավարների որակավորման խնդիր: «Տարեցտարի քայլեր են արվում երգչախմբային արվեստի զարգացմանն ուղղած»,-ասաց նա:
«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի» նախագահ Գայանե Բաղդասարյանն ասաց, որ երգչախմբային արվեստի միջազգային օրը խմբավարների կողմից շատ է կարևորվում: «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիան ցանկանում է կազմակերպել խմբավարների մրցույթ»,-հայտնեց նա:
«Փարոս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Միքայելյանը նշեց, որ երրորդ տարին է, ինչ մրցույթին մասնակցում են և նպատակն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց հավասար զգան: «Ես հույս ունեմ, որ մի օր կգա, երբ մենք մի ամբողջ ստադիոն կլցնենք՝ տասը- քսան հազար հոգով և բոլորս միասին կերգենք»,-ասաց նա:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը նշեց, որ այս փառատոնը ինչ-որ առումով տարվա ամփոփումն է, որը նաև հանդիսանալու է մյուս տարիների շարունակության սկիզբը: «Լուրջ ուշադրություն է դարձվել երգչախմբերի հյուրախաղերի ծրագրերին»,-ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ փառատոնը, բացի մշակութային արժեք լինելուց, առանձնանում է միավորող իր բնույթով:
Տիգրան Հեքեքյանը նշեց նաև, որ երիտասարդ խմբավարներին առաջ քաշելու նպատակ կա:
«Երիտասարդներին տալիս ենք հնարավորություն, որովհետև եթե մենք այսօր նրանց չտանք, նրանք էլ իրենց եկող սերնդին չեն տա հնարավորություն»,-ասաց նա:










