Հայկական երաժշտությունից նոր կտորներ կսովորեմ՝ հաջորդ անգամ կատարելու համար. Կլայդերման (լուսանկարներ)
Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը Երևանում է և հայ հանդիսատեսի համար հանդես կգա երկու համերգով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ, որոնք տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին:
Մինչ համերգը Ռիշար Կլայդերմանը հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին փակցրած:
«40 տարի մեծ կարիերա ունենալուց հետո առաջին անգամ եմ լինում Հայաստանում և ինձ շատ հետաքրքիր է։ Կարծում եմ, որ այս այցը վերջինը չի լինի,-ասաց Կլայդերմանը՝ շարունակելով,-շրջապատված եմ հայ հրաշալի երաժիշտներով, ես խանդավառված եմ, որ նվագելու եմ նրանց հետ»։
Խոսելով իր անցած ճանապարհի մասին՝ աշխարհահռչակ դաշնակահարն ասաց. «Իմ հաջողության գրավականն այն է, որ ես կարողացա ճիշտ կոմբինացիա ստեղծել դաշնամուրի և երաժշտության միջև»:
Դիտարկմանը, թե իրեն կոչել են ռոմանտիկայի արքայազն, իսկապե՞ս դա այդպես է, Կլայդերմանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այն երաժշտությունը, որը կատարում եմ, և դաշնամուրն ինձ ստիպում են ասել, որ ես ռոմանտիկ եմ: Դա իմ կյանքն է, իմ ապրելակերպն է»:
Երաժիշտն ասաց, որ համերգի ընթացքում կհնչեն երաժշտություններ այն ալբոմից, որով սկսել է իր կարիերան:
«Հույս ունեմ, որ համերգի ընթացքում կկարողանամ կիսվել իմ հույզերով, հույս ունեմ, որ իմ կատարումներից ոմանք կհուզեն նաև հայ ունկնդիրներին: Կարծում եմ, որ հայկական երաժշտությունից նոր կտորներ կսովորեմ՝ հաջորդ անգամ կատարելու համար»,-ասաց դաշնակահարը:
Երաժիշտն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանն, ասելով. «Ցեղասպանությունը ձեր ազգի համար դրամա է եղել։ Ինչպես կյանքի այլ իրավիճակներում, այնպես էլ այս դեպքում երաժշտությունը կյարող է օգնել՝ մոռացության տալ և մեղմել ցավը, իսկ ես երաժշտության դեսպան եմ»:
Համերգի կազմակերպիչ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն ասաց, որ այս համերգը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի մեջ չի մտնում, այն նախատեսված է եղել դեռևս անցած տարվա աշնանն իրականացնել. «Այնպես ստացվեց, որ այս տարի է: Սակայն պետք է ասել, որ նվագախմբի սկզբունքներից է՝ այն արտիստները, ովքեր կհամագործակցեն և կգան այստեղ, կդատապարտեն ոճիրը»:
Հայտնի դաշնակահարը նաև լրագրողների համար անակնկալ մատուցեց՝ նվիրելով երաժշտական կատարում:
















