Տերյան 19/32 հասցեում բացվեց ժամանակակից հայ նկարչուհի Արև Պետրոսյանի ցուցասրահը

20:17 • 12.03.15

Ժամանակակից հայ նկարչուհի Արև Պետրոսյանի ցուցասրահի բացմանը, որը տեղի ունեցավ այսօր՝ Տերյան 19/32 հասցեում, ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Արամ Սուքիսայանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արև Սամուելյանը, ջազմեն Լևոն Մալխասյանը, մշակութային գործիչներ:

 

«Այս ցուցասրահը միայն իմը չէ, սա քաղաքինն է: Այս սրահը լինելու է մշտապես փոփոխական, ջերմ»,-սրահի բացման արարողության ընթացքում ասաց նկարչուհին՝ շարունակելով. «Մենք պետք է կարծրատիպերը կոտրենք, որ մենք խեղճ ենք, մեղք ենք, ծեծված ենք: Այդպես չէ. մենք կանք, ուրախ ենք, հայ ենք»:

 

Տարոն Մարգարյանը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին: Քաղաքապետին ներկայացնելով ցուցասրահի ստեղծման նպատակը` Արև Պետրոսյանը նշեց, որ Երևանի սրտում բացված AREV ART GALLERY-ն մայրաքաղաքի արվեստասեր հասարակության համար կդառնա սիրելի վայր, որտեղ կյանքի կկոչվեն մշակութային բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ, այդ թվում կկազմակերպվեն գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ, քննարկումներ, հանդիպումներ և այլն: Նոր ցուցասրահում կներկայացվեն ոչ միայն Արև Պետրոսյանի, այլ նաև՝ Պետրոսյան ընտանիքի տաղանդաշատ մյուս անդամների՝ անվանի արվեստագետ, Հայաստանում մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի և ժամանակակից քանդակագործ Արեգ Պետրոսյանի գործերը: 


Կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես խրախուսում է նմանօրինակ գաղափարների կայացումը:
Ցուցասրահում ներկայացված աշխատանքները դիտելուց հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրառում կատարեց ցուցասրահի պատվավոր այցելուների համար նախատեսված մատյանում:

 



 

Տերյան 19/32 հասցեում բացվեց ժամանակակից հայ նկարչուհի Արև Պետրոսյանի ցուցասրահը