Իտալական հեռուստաալիքն անդրադարձել է Հռոմում բացված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսին (տեսանյութ)

12:42 • 12.03.15

Իտալական Rai TV հեռուստաալիքն անդրադարձել է Հռոմի Վիտորիանո թանգարանային համալիրում բացված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսին:

 

Հեռուստատեսությունը հիշեցնում է, որ այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: 

 

Հաղորդավարը նաև հիշեցնում է, որ ցեղասպանությունից հետո, որը հայերն անվանում են «Մեծ եղեռն»՝ արդեն 1939 թվականին Հիտլերը Լեհաստան ներխուժելուց առաջ համոզել է բարձրաստիճան հրամանատարներին իր մտադրությունների մեջ՝ վկայակոչելով այն փաստը, որ «ոչ ոք այլևս չի հիշում հայերի բնաջնջման մասին»:

 

Ինչպես նշում է լրագրողը, ցուցահանդեսի կազմակերպիչները չեն ցանկացել միայն հիշատակել հայերի կոտորածները, այլ փոխարենը ցանկացել են բացատրել, թե ինչ ունի այս ժողովուրդը, որը պետք է վերանար աշխարհի երեսից: Այդ պատճառով ցուցահանդեսին ներկայացվել են հայերի քրիստոնեական խոր արմատները, հայկական յուրահատուկ մշակույթը, իտալական քաղաքների հետ՝ Վենետիկ, Հռոմ և այլն, սերտ կապերը:

 

Մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր Վիտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան միաբանության և Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
 

Իտալական հեռուստաալիքն անդրադարձել է Հռոմում բացված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսին (տեսանյութ)